Երևանյան խցանումների խնդիրը, դատելով մայրաքաղաքում առկա երթևեկության վիճակից, մնում է երևանաբնակներիս համար ամենակարևոր օրակարգը։
Իշխանությունները հերթականությամբ հողին են հավասարեցնում, իրենց բնորոշմամբ՝ անօրինականորեն կառուցված խանութները Երևանի տարբեր վարչական շրջաններում՝ հայտարարելով, թե հանրային տարածքները վերադարձնում են մայրաքաղաքի բնակիչներին։ Թեև այդ դեպքում էլ առայժմ նրանք սահմանափակվել են քանդման աշխատանքներով, և խոստացված կանաչապատումն անորոշ ժամանակով հետաձգվել է։
Այնինչ երևանցիների համար այդ տարածքները վերադարձնելն ու դրանք կանաչ գոտիների վերածելը բացարձակ էական չէ խցանումների խնդրի առկայության պայմաններում. նրանց համար առաջնայինն այդ խցանումների հարցը լուծելն է, ոչ թե խանութներից մայթերի ազատումը, քանի որ ամենօրյա ու արդեն ամենժամյա խցանումները ոչ միայն մարդկանց ուշացնում են աշխատանքից ու պայմանավորվածություններից, այլ նաև դարձել են մշտական սթրեսների ու նյարդային ապրումների պատճառ։
Հաճախ Երևանի մի վարչական շրջանից հարևան վարչական շրջան հասնելու համար անհամեմատ երկար ժամանակ է պահանջվում, քան Երևանից որևէ ոչ երևանամերձ մարզ մեկնելու համար։ Խնդիրն այնքան է ահագնացել, որ անգամ ՊՊԾ-ի ուղեկցությամբ տեղաշարժվող Աննա Հակոբյանն է սկսել նյարդայնանալ դրանից ու անգամ կարճ տեսագրություններ հրապարակել Երևանի գերծանրաբեռնված ու նույնիսկ ՊՊԾ աշխատակիցների ուղեկցության դեպքում իր համար էլ դժվարանցանելի փողոցների վերաբերյալ՝ հորդորելով, որ, օրինակ, կին վարորդներն աղմկոտ իրեր վերցնեն իրենց հետ և խցանումներում հայտնվելու ժամանակ աղմկեն՝ երևի հույս ունենալով, որ այդ դեպքում իշխանությունները՝ հանձին Փաշինյանի, կլսեն այդ աղմուկը և վերջապես պատշաճ ուշադրության կարժանացնեն խնդիրը։ Պատշաճ, քանի որ մինչև օրս նրանց կողմից ձեռնարկված բոլոր նախաձեռնությունները ձախողվել են։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի՝ հոկտեմբերի 16-ին, կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ստեղծել ճգնաժամային խումբ՝ Երևանում տրանսպորտային խցանումներն ու անկառավարելի երթևեկությունը կարգավորելու համար։ Իսկ պատճառն այն էր, որ դրա նախորդ օրը՝ հոկտեմբերի 15-ին, նա ականատես էր եղել մայրաքաղաքի «սարսափելի քաոսին»՝ հեծանիվով Կառավարության շենքից Բաղրամյան 26 ուղևորվելիս։ Փաշինյանը նշել էր, որ մեքենաների կտրուկ ավելացումը հանգեցրել է ոչ թե սովորական խցանումների, այլ «լիակատար քաոսի»։ Վարչապետն ընդգծել էր, որ անհրաժեշտ է հրատապ լուծումներ գտնել, և համապատասխան հանձնարարականներ էր տվել։ Իսկ երկու ամիս անց՝ նրա՝ 2025 թվականի դեկտեմբերի 10-ի համապատասխան որոշմամբ, ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ էր ստեղծվել՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ, ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի և քաղաքաշինության կոմիտեի ղեկավարի ներգրավմամբ։
Ստեղծված խումբը մեկ տարվա ընթացքում ձեռքերը ծալած չի նստել. ժամանակ առ ժամանակ ինչ-որ նախաձեռնություններ է իրականացրել՝ իբրև խցանումները թեթևացնելու և Երևանում երթևեկությունը քիչ թե շատ կարգավորելու ուղղությամբ։ Բայց մի բան է ինչ-որ ծրագրեր իրականացնել ու գործողություններ կատարելը, մեկ այլ բան՝ թե դրանք որքանով են արդյունավետ և որքանով են նպաստում առաջադրված նպատակի իրագործմանը։ Երթևեկելի փողոցների խցանումների վատթարացումը փաստում է, որ միջգերատեսչական խումբը չունի այն ներուժը, որպեսզի կարողանա լուծել ոչ այնքան բարդ խնդիրը, որի ուղղությամբ աշխարհում բազմաթիվ լուծումներ են առաջարկվում։ Այսինքն՝ նոր հեծանիվ հորինելու կարիք չկա, ընդամենը պետք է ամենահամապատասխան երկրի օրինակը տեղայնացնել։
Վարչապետի հրամանով ձևավորված խմբի ջանքերն առայժմ սահմանափակվել են առավել խցանվող խաչմերուկներում պարեկային ծառայության ուժեղացմամբ. ՆԳՆ պարեկային ծառայության կողմից սահմանվել է ուժեղացված հերթապահություն առավել ծանրաբեռնված խաչմերուկներում՝ պիկ ժամերին տրանսպորտային հոսքերը ձեռքով կարգավորելու և կանոնների խախտումները, մասնավորապես, երկրորդ շարքում կայանումները արագ կանխելու նպատակով, խելացի լուսացույցների կարգավորումներով և «կանաչ ալիքի» սկզբունքի կիրառմամբ մի շարք բանուկ հատվածներում՝ տրանսպորտային հոսքերի թողունակությունը բարձրացնելու համար, կայանման և տուգանքների խստացված կարգավորումներով, դպրոցներում դասաժամերի փոփոխությամբ։ Բայց բոլոր այդ ջանքերն ապարդյուն են, քանի որ դրանց դրական ազդեցությունն այդպես էլ զգացնել չտվեց, և ստացվում է, որ գերատեսչական խմբի գործունեությունն ինքնանպատակ է։
Հանրության շրջանում արմատավորվել է այն համոզումը, որ այս իշխանությունները եթե ցանկանում են որևէ խնդրի լուծում ձախողել, այդ ուղղությամբ աշխատանքային խումբ են ձևավորում։ Որքանո՞վ է վարչապետը հետևողական իր որոշման արդյունքներին, ինչո՞ւ գերատեսչական աշխատանքային խումբը մինչև օրս չի լուծարվել, ու խցանումների լուծման համար այլ գործիքներ չեն կիրառվում։ Իսկապե՞ս իշխանություններն այդքան քաղաքական կամք ունեն երևանյան խցանումները եթե ոչ վերացնելու, ապա գոնե զգալիորեն նվազեցնելու համար, թե՞ դա էլ դարձել է մեր հասարակությանը սոցիալական և նմանատիպ խնդիրներով ճնշելու միջոցով անվտանգային ու պետության համար ռազմավարական կարևորություն ունեցող հարցերի շուրջ հանրային ցանկացած ընդվզում կանխելու միջոց։
Թագուհի Ասլանյան