«Այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը․ Գալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Շատ կարևոր է շեշտադրել, որ այն անձի լիազորությունները, որը նախընտրական ցուցակով անցել է խորհրդարան և հետո նշանակվել է, օրինակ, նախարար, կասեցվում են։ Այս մասին Factor TV-ի հարցին ի պատասխան հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Ինչո՞ւ եմ սա շեշտում, որովհետև տեսել եմ մեկնաբանություններ, որ մարդիկ գնալու են նշանակվեն նախարար, հետո գան Ազգային ժողով՝ իրենք իրենց վերահսկեն. զուգահեռ գործառույթների համատեղում հնարավոր չի», – շեշտեց Գալյանը։

Հարցին, թե ի՞նչ է լինելու, եթե պատգամավորը նախարար է նշանակվում, հետո պաշտոնը թողնում է, էլի վերադառնում է խորհրդարան, և այդ դեպքում եթե իր տեղը արդեն լրացրել է այլ թեկնածու, իր հետ ի՞նչ է լինում։

«Մանդատը վերցնում է անձը և գնում է, օրինակ, որպես նախարար իր աշխատանքը իրականացնելու։ Նախարարի պաշտոնից ազատվելու դեպքում՝ այո՛, կարող է վերադառնալ, և այլևս կասեցված լիազորությունները վերսկսվելու են։ Այս մոդելը կա այլ պետություններում. այն անձը, որը վերջինն է եկել ցուցակից Ազգային ժողով՝ ոչ թե եկել է որպես փոխարինող պատգամավոր, այլ վերջինն է եկել, նա հետ է գնալու ցուցակ»,- պարզաբանեց նախարարը։

Անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծի շուրջ ընդդիմության կողմից հնչեցող քննադատություններին՝ Գալյանը ասաց, որ չնայած իրենք բաց են քննարկումների համար, ընդդիմությունից առայժմ կառուցողական առաջարկներ չեն ստացել։

Այն հարցին, թե ինչպես է պատկերացնում գործընթացը, երբ ընդդիմադիր շրջանակները նախագիծը որակում են որպես «դրսի պարտադրանքով արված» կամ «ալիևյան սահմանադրություն» և հրաժարվում են կարդալ այն, Գալյանը արձագանքեց, որ կապահովվի ներառականություն ոլորտի մասնագետների, քաղաքացիական հասարակության և բոլոր շահագրգիռ քաղաքացիների մասնակցությամբ։

«Այն բոլոր քաղաքացիներին պետք է հետաքրքրի, որոնք պատրաստ են որոշում կայացնել, իսկ որոշումը կա՛մ «այո՛» է, կա՛մ «ո՛չ» է։ Այսինքն՝ «այո՛» կամ «ո՛չ» ասելու համար առնվազն պետք է ծանոթանալ նախագծի բովանդակությանը»,- հայտարարեց արդարադատության նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան

Leave a comment