Չինաստանի արտահանման աճը քողարկում է երկրի տնտեսական խնդիրները

Չնայած անշարժ գույքի շուկայի ճգնաժամին, պարտքային խնդիրներին, ներդրումային ակտիվության նվազմանը և սպառողական ծախսերի կրճատմանը՝ Չինաստանը, հավանաբար, կհասնի տնտեսական աճի իր նպատակային ցուցանիշին՝ արտահանման բարձր տեմպերի շնորհիվ, գրում է Bloomberg-ը։

Արհեստական բանականության, ռոբոտաշինության և արտահանմանն ուղղված արտադրության ոլորտներում ներդրումներն աջակցում են տնտեսական աճին՝ միաժամանակ մեծացնելով Չինաստանի կախվածությունն այլ երկրների առևտրային քաղաքականությունից։

Անշարժ գույքի շուկայի ճգնաժամից հետո ներդրումային, էներգետիկ և մարդկային ռեսուրսները վերաուղղվել են էլեկտրամոբիլների ու մարտկոցների արտադրությանը, վերականգնվող էներգետիկայի զարգացմանը և նոր ձեռնարկությունների կառուցմանը։

Մերձավոր Արևելքում պատերազմով պայմանավորված նավթի մատակարարման խափանումներն ու գների աճը բացասաբար են անդրադարձել Չինաստանի նավթավերամշակման և նավթաքիմիական արդյունաբերության վրա։ Սակայն նավթի կուտակված պաշարները և վերականգնվող ու միջուկային էներգետիկայում կատարված ներդրումները թույլ են տվել մեղմել ճգնաժամի հետևանքները։

Trafigura-ի գնահատմամբ՝ պղնձի համաշխարհային պահանջարկի աճի շուրջ 60%-ն ապահովել է զարգացող երկրներ արտահանվող չինական ապրանքների արտադրությունը։

Չինաստանի արտահանումն աճել է 36%-ով, կիսահաղորդիչների արտահանումը՝ շուրջ 100%-ով, իսկ էլեկտրամոբիլներինը՝ 60%-ով՝ համաշխարհային տնտեսության ընդամենը 2.5% աճի պայմաններում։

Bloomberg-ի գնահատմամբ՝ երկարաժամկետ հեռանկարում աճի նման տեմպերի պահպանումը դժվար կլինի, քանի որ արտաքին պահանջարկը չի կարող անվերջ փոխհատուցել ներքին շուկայի թուլությունը։

Leave a comment