ՀՀ կառավարության շենքի մուտքի մոտ լարված իրավիճակ է ստեղծվել խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների՝ սևազգեստ մայրերի բողոքի ակցիայի ընթացքում։ Որդիների լուսանկարներով ու պաստառներով շենքի մոտ հավաքված ծնողները փորձել են ինքնակամ մտնել կառավարության շենք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու և իրենց հարցերը բարձրաձայնելու համար, սակայն ոստիկանները պատնեշ են կազմել և թույլ չեն տվել ներս մտնել, ինչի հետևանքով առաջացել է քաշքշուկ, հայտնում է Factor.am-ը:
Բողոքի ակցիայի մասնակիցները դժգոհություն են հայտնել, որ տարիներ շարունակ յուրաքանչյուր հինգշաբթի հավաքվում են կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով արդարության վերականգնում։ Նրանց խոսքով՝ չնայած բազմաթիվ դիմումներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը չեն հանդիպում իրենց և անարձագանք են թողնում բարձրաձայնված խնդիրները։
«Ա՛յ Փաշինյան, քո համար կանգնել եմ, քո համար քայլել եմ։ Հրաժարական տուր, էս ի՞նչ ստախոս ես։ Խաբեցի՞ր մեզ։ Այդ օրերին, որ ես քայլելով Հոկտեմբերյանից գալիս էի Հանրապետության հրապարակ, որ դու այսօր գաս մեր երեխեքի ճակատագրով խաղա՞ս»,- վրդովված հայտարարել է զոհված զինծառայողներից մեկի մայրը։
Մյուս ծնողները ևս հայտարարել են, որ թեև քննությամբ ապացուցվել է, որ իրենց երեխաների մահվան գործերը չեն համապատասխանում պաշտոնական վարկածներին և կատարվել է սպանություն, սակայն ութ տարի շարունակ գործերը չեն վերաորակվում, իսկ նախկին քննիչներն ու դատախազները, իրենց պնդմամբ, շարունակում են պաշտոնավարել և նույնիսկ ավելի բարձր պաշտոններ են ստացել։