Արհեստական բանականության Claude մոդելները մշակող ամերիկյան Anthropic տեխնոլոգիական ընկերության շուկայական կապիտալիզացիան ռեկորդային IPO-ից հետո առաջին անգամ նվազել է 1 տրլն դոլարից։
Nasdaq բորսայում Anthropic-ի (ANT) բաժնետոմսերը սակարկությունների ընթացքում էժանացել են 9.85%-ով՝ հասնելով 73.85 դոլարի։ Ավելի ուշ անկումը մեղմվել է մինչև 3.33%, իսկ բաժնետոմսերի գինը վերականգնվել է՝ հասնելով 79.19 դոլարի։ Արդյունքում ընկերության կապիտալիզացիան կրկին գերազանցել է 1 տրլն դոլարը՝ կազմելով 1.07 տրլն դոլար։
Forbes-ի փոխանցմամբ՝ ներդրողները մտահոգված են, թե արդյոք Anthropic-ը կկարողանա բավարար միջոցներ ապահովել հաշվարկային հզորությունների հետ կապված 895.4 մլրդ դոլարի պարտավորությունները կատարելու համար՝ առանց թանկարժեք փոխառությունների ներգրավման կամ բաժնետերերի մասնաբաժինների նոսրացման։
Reuters-ի հաղորդմամբ՝ բաժնետոմսերի կտրուկ անկումը խորացրել է մտահոգությունները արհեստական բանականության ոլորտի ընկերությունների գերագնահատված շուկայական արժեքի և հաշվարկային ենթակառուցվածքներում կատարվող խոշոր ներդրումների վերաբերյալ։ Տոկոսադրույքների աճը կարող է էլ ավելի մեծացնել այդ ծախսերը։
Հիշեցնենք, որ Anthropic-ն իրականացրել է պատմության մեջ խոշորագույն IPO-ն՝ բաժնետոմսերը տեղաբաշխելով 83 դոլարով։ Ընկերությունը հրապարակային և մասնավոր տեղաբաշխումների միջոցով ընդհանուր առմամբ ներգրավել է 107.3 մլրդ դոլար՝ գերազանցելով SpaceX-ի սահմանած ռեկորդը։
IPO-ից հետո Anthropic-ի գնահատված արժեքը, հաշվի առնելով բաժնետոմսերի հնարավոր լրացուցիչ թողարկումը, հասել էր 1.8 տրլն դոլարի։ Ընկերությունն աշխարհի խոշորագույն հանրային ընկերությունների վարկանիշում զբաղեցնում էր յոթերորդ հորիզոնականը, սակայն բաժնետոմսերի անկման հետևանքով նահանջել է 15-րդ հորիզոնական։