Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն առաջարկել է բանակցություններ անցկացնել Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի հատուկ ներկայացուցիչ Գեորգի Զուրաբաշվիլիի և Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինի միջև՝ թե՛ Մոսկվայում, թե՛ Թբիլիսիում։
«Հանդիպումները [Զուրաբաշվիլիի և Գալուզինի միջև], անշուշտ, կարող են անցկացվել և՛ Մոսկվայում, և՛ Թբիլիսիում, սակայն, եթե նման մոտեցում որդեգրվի, սկզբունքորեն կարևոր է, որ Մոսկվայում ու Թբիլիսիում հանդիպումները տեղի ունենան հերթականությամբ», – ասել է Վրաստանի վարչապետը լրագրողներին։
Կոբախիձեն նաև նշել է, որ ռուս ժողովրդի հետ հարաբերությունները և այն փաստը, որ երկու երկրները հարևաններ են, պահանջում են շարունակական երկխոսություն։
Նա ընդգծել է, որ թեև քաղաքականությունը կարող է փոխվել, ժողովուրդները մնում են։ «Երկխոսությունը պետք է շարունակվի մեկ պարզ պատճառով. ռուս ժողովուրդը մեզ համար հարազատ է, իսկ Ռուսաստանը մեր հարևան երկիրն է։ […] Նույնիսկ եթե Անտարկտիդան հալչի ու անհետանա, մենք, միևնույն է, հարևաններ ենք մնալու։ Հետևաբար, անհրաժեշտ է մշտական երկխոսություն. մենք պետք է պահպանենք այդ երկխոսությունը», – ասել է վրաց կառավարության ղեկավարը։