«Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի (հանրությանը հայտնի որպես «Մերգելյան ինստիտուտ») 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը ՌԴ պետական գույքի կառավարման գործակալությունն է («Ռոսիմուշեստվո»)։
Տնօրենի նշանակման վերաբերյալ շրջանառվող տեղեկությունները վերաբերում են հենց այս ընկերությանը և որևէ առնչություն չունեն ՀՀ սեփականությունը հանդիսացող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի հետ։ Այդ մասին ասվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարության պարզաբանման մեջ:
«Հաշվի առնելով մամուլում շրջանառվող տեղեկությունները՝ անհրաժեշտ ենք համարում ներկայացնել հետևյալ պարզաբանումը։
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ն և «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն երկու առանձին ընկերություններ են։
«Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է՝ ի դեմս ՀՀ կառավարության, իսկ լիազոր ներկայացուցիչը՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարությունը։ Ընկերությունը գործունեություն է ծավալում Երևան քաղաքի Հ. Հակոբյան 3 հասցեում, որտեղ տեղակայված է նաև «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն։
Հարկ ենք համարում ընդգծել, որ «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ում որևէ փոփոխություն կամ նոր նշանակում տեղի չի ունեցել։
Մամուլում շրջանառվող տեղեկությունները վերաբերում են «Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին, որի 100 տոկոս բաժնեմասի սեփականատերը Ռուսաստանի Դաշնության պետական գույքի կառավարման գործակալությունն է (Росимущество)։
Հետևաբար, մամուլում շրջանառվող՝ տնօրենի նշանակման վերաբերյալ տեղեկությունները որևէ առնչություն չունեն Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող «Երևանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ-ի և դրա գործունեության հետ»,-ասվում է պարզաբանման մեջ:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱԺ նախկին պատգամավոր, «Ուժը հայրենյաց» կուսակցության ղեկավար Տիգրան Արզաքանցյանը ստանձնել է Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնը։
Արզաքանցյանը, անդրադառնալով հանրության շրջանում որպես «Մերգելյան ինստիտուտ» հայտնի գիտահետազոտական հաստատության ղեկավարումը ստանձնելուն, կարևորել է կենտրոնի գիտական ժառանգության պահպանումն ու զարգացման նոր հեռանկարների ստեղծումը։