Ցեղասպանի անունը չպետք է լինի մեր անձնագրում. արցախցիները ակցիա են անում Երևանում

Բաժանորդագրվել

Արցախցի հասարակական գործիչը ՀՀ ղեկավարին մեղադրեց երկրին և հողին տեր չկանգնելու մեջ:

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի — Sputnik. Արցախցու անձնագրում որպես ծննդավայր Ադրբեջան նշելը հավասար է ինքնասպանության: ՀՀ կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նման հայտարարություն արեց «Վերածնվող Արցախ» ՀԿ-ի նախագահ Անաստաս Իսրայելյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ նոր կենսաչափական անձնագրերում արցախցիների ծննդավայրը նշվելու է Ադրբեջան, ոչ թե Արցախ կամ այնտեղի քաղաքներից մեկը: ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 24-ին հայտարարեց, որ անձնագրի «ծննդավայր» դաշտը լրացնելիս հնարավոր էր ընտրել բնակավայր կամ քաղաք նշելու տարբերակը, սակայն ՀՀ կառավարությունն ընտրել է երկիր նշելու ճանապարհը։

«Մարդասպան, ցեղասպանի անունը չպետք է մեր անձնագրում գրվի: Սա պահանջ է, ոչ թե խնդրանք: Արցախցուն ՀՀ անձնագիր տալիս չպետք է ներսում գրվի Ադրբեջան: Դա Ալիևի վարած քաղաքականությունն է: Իրենք իրենց քաղաքացիների ծննդավայրերի անունները գրում են քաղաքներ, բայց հորինված անուններով, իսկ գոյություն ունեցող Արցախը գրվում է Ադրբեջան: Սա մտածված ծրագիր է»,- ասաց Իսրայելյանը:

Հասարակական գործիչը ՀՀ ղեկավարին մեղադրեց երկրին և հողին տեր չկանգնելու մեջ ու ընդգծեց՝ պատճառը վախկոտ լինելն է և այն, որ չեն կարողանում ազգային սկզբունքներով շարժվել:

Հիշեցնենք` ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը նոյեմբերի 19-ին հայտարարեց, որ Ղարաբաղից տեղահանված և ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց նոր կենսաչափական փաստաթղթերում որպես ծննդավայր «Ադրբեջան» նշելը պայմանավորված է միջազգային ստանդարտների պահանջներով։ Ըստ ծառայության՝ ICAO 9303 և ISO 3166 ստանդարտներով չնախատեսված գրառումները կարող են խնդիրներ առաջացնել սահմանային անցակետերում։

Leave a comment