Իսրայելի խորհրդարանը (Կնեսետ) մերժել է մի օրինագիծ, որը նախատեսում է սահմանափակել բարձրախոսների օգտագործումը մահմեդական աղոթքի կոչի՝ ազանի համար։
Քննարկման ընթացքում միջադեպ է տեղի ունեցել Ազգային անվտանգության նախարար Իտամար Բեն-Գվիրի մասնակցությամբ, ինչի արդյունքում նա հեռացվել է նիստերի դահլիճից։
Օրինագիծը, որի նախաձեռնողները ծայրահեղ աջ «Օցմա Յեհուդիտ» կուսակցության պատգամավորներն են եղել, պահանջում է, որ մզկիթները բարձրախոսներ օգտագործելու համար հատուկ թույլտվություն ստանան շրջակա միջավայրի պահպանության նախարարից։ Այն ոստիկանությանը լիազորում է դադարեցնել աղոթքի կոչերի հեռարձակումը, առգրավել սարքավորումներն ու սահմանել վարչական տուգանքներ՝ մինչև 50 000 շեկել (մոտ 15 800 ԱՄՆ դոլար) չափով։
Վերջնական քվեարկության արդյունքում օրինագծին կողմ է քվեարկել 45 պատգամավոր, իսկ դեմ՝ 63-ը. արդյունքում օրինագիծը մերժվել է։
Քննարկման ընթացքում բանավոր վեճ է ծագել Բեն-Գվիրի և արաբ պատգամավորների միջև։ Նախարարը պահանջել է, որ նրանք լքեն դահլիճը՝ անվանելով նրանց ահաբեկչության աջակիցներ։ Երբ Կնեսետի նախագահի տեղակալ Էյթան Գինզբուրգը միջամտել է՝ կարգուկանոն հաստատելու համար, Բեն-Գվիրը վիրավորել է նրան՝ անվանելով «հիմար»։
Ի պատասխան՝ Գինզբուրգը կարգադրել է հեռացնել նախարարին դահլիճից։ Հեռանալիս Բեն-Գվիրը կոչ է արել ներկա մյուս նախարարներին նույնպես դուրս գալ իր հետ։ Դրանից հետո նիստը շարունակվել է առանց կառավարության որևէ ներկայացուցչի մասնակցության։
Քվեարկությունից հետո «Օցմա Յեհուդիտ» կուսակցությունը քննադատության է ենթարկել օրինագծին դեմ քվեարկած պատգամավորներին՝ մեղադրելով, որ նրանք հրաժարվել են աջակցել միջոցառումներին, որոնք ուղղված են մզկիթների բարձրախոսներից եկող աղմուկի սահմանափակմանը։ Բեն-Գվիրն ինքը նախկինում բարձրախոսներով հնչող աղոթքի կոչերը որակել էր «ակուստիկ ահաբեկչություն»։