Մեծ Բրիտանիայում նախատեսում են դանակների բոլոր տեսակների, այդ թվում՝ սովորական խոհանոցային և սեղանի դանակների վաճառքը դարձնել լիցենզավորման ենթակա։ Նոր պահանջները կվերաբերեն ինչպես խոշոր առևտրային ցանցերին, այնպես էլ առցանց խանութներին և մասնավոր վաճառողներին։
Այս մասին, հղում անելով Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարարությանը, գրում է The Guardian-ը։ Կառավարությունը նոր կանոնների միջոցով նպատակ ունի սահմանափակել դանակների ապօրինի առևտուրը և նվազեցնել սառը զենքի կիրառմամբ հանցագործությունների թիվը։
Առաջարկի համաձայն՝ լիցենզիա պետք է ունենան բոլոր վաճառողները՝ անկախ բիզնեսի չափից և առևտրի կազմակերպման եղանակից։ Ընդ որում՝ խոշոր մանրածախ առևտրային ցանցերը ստիպված կլինեն յուրաքանչյուր խանութի համար առանձին թույլտվություն ստանալ։
Լիցենզիաները նախատեսվում է տրամադրել երեք տարի ժամկետով։ Դրանք կլինեն վճարովի, իսկ պետական տուրքի չափը կսահմանվի՝ լիցենզավորման համակարգի գործունեության ծախսերին համապատասխան։ Վճարի հստակ չափը դեռ հայտնի չէ։
Թույլտվություն տրամադրելուց առաջ ոստիկանությունը կկարողանա ստուգել դիմորդների կենսագրական տվյալները, այդ թվում՝ դատվածության վերաբերյալ տեղեկությունները։ Քննարկվում է նաև առևտրային տարածքներում ստուգումներ իրականացնելու հնարավորությունը՝ դանակների պահպանման պայմանները վերահսկելու նպատակով։
Պահանջները խախտելու դեպքում վաճառողները կարող են զրկվել լիցենզիայից։ Արտասահմանյան ընկերությունների համար կսահմանվեն առանձին կանոններ․ նրանք բրիտանացի գնորդներին դանակներ կկարողանան մատակարարել միայն երկրում գրանցված միջնորդների միջոցով։
Իշխանությունները մտադիր են նաև խստացնել առցանց վաճառքի նկատմամբ վերահսկողությունը։ Ավելի վաղ արդեն միջոցներ էին ձեռնարկվել գնորդների տարիքի ստուգումն ուժեղացնելու և դանակների խոշոր պատվերների մասին ոստիկանությանը պարտադիր ծանուցելու ուղղությամբ։
Ոստիկանության տվյալներով՝ 2025 թվականի հուլիսից մինչև 2026 թվականի հունիսը Մեծ Բրիտանիայում գրանցվել է դանակների կամ այլ սուր առարկաների կիրառմամբ 48 615 հանցագործություն։ Սա 6%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից, սակայն 49%-ով ավելի է, քան 2016 թվականի մարտին ավարտված 12-ամսյա ժամանակահատվածում գրանցված ցուցանիշը։
Առաջարկները մտահոգություն են առաջացրել փոքր բիզնեսի ներկայացուցիչների և առևտրային կազմակերպությունների շրջանում, որոնք անհանգստացած են լրացուցիչ ծախսերից և վարչարարական բեռի ավելացումից։
Նոր համակարգի ներդրման համար անհրաժեշտ կլինի առանձին օրենսդրական ակտ ընդունել։ Դրա ուժի մեջ մտնելու ժամկետը դեռ որոշված չէ։