Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի և ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան։ Ըստ Հակակոռուպցիոն կոմիտեի՝ Տոնոյանը 2020 թվականին թույլատրել է ընդունել պայմանագրի տեխնիկական բնութագրից տարբերվող և որակյալ չհամարվող 18 հազար կոշտ բալիստիկ ներդիր, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է 20 մլն 268 հազար դրամի վնաս։ Նախաքննության ընթացքում այդ գումարն ամբողջությամբ վերականգնվել է։
Մինչդեռ Տոնոյանի փաստաբանական թիմը պնդում է, որ ներդիրներն ընդունելու որոշումը կայացվել է մասնագիտական ստորաբաժանումների եզրակացությունների հիման վրա, իսկ համալիր փորձաքննությունը հաստատել է, որ դրանք ապահովում են զինծառայողների կենսական կարևոր օրգանների պաշտպանությունը։ Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչում։
Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունը՝ ստորև․
«ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով հիմնավորվել է, որ Դ. Տ.-ն, զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետի օժանդակությամբ չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։
Մասնավորապես՝ պարզվել է, որ Դ. Տ.-ն Պաշտպանության նախարարության հետ կնքված պայմանագրով մատակարարման ենթակա 18.000 կոշտ բալիստիկ ներդիրները տեխնիկական բնութագրի համեմատ տարբերություն ունենալու պայմաններում, առանց բավարար հիմքերի, առանց տեխնիկական բնութագրում նշված և փաստացի մատակարարված ապրանքի գնային արժեքի տարբերությունը մատակարարի կողմից փոխհատուցելու կամ դրան ուղղված միջոցներ ձեռնարկելու, համաձայնել և թույլատրել է ենթակա ստորաբաժանումների ծառայողներին ընդունել որակյալ չհամարվող վերը նշված ապրանքը, որը 2020 թվականի հուլիսի 20-ին մատակարարվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչությանը:
Նախկին պաշտոնատար անձի հանցավոր արարքի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ, մասնավորապես՝ ՀՀ զինված ուժերին հատկացվել են պայմանագրի տեխնիկական բնութագրից տարբերվող և որակյալ չհամարվող 18.000 կոշտ բալիստիկ ներդիրներ, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 20.268.000 ՀՀ դրամի գույքային վնաս:
Դ. Տ.-ին մեղադրանք է ներկայացվել 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ նրան օժանդակած պաշտոնատար անձին՝ նույն օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով։ Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված 20.268.000 ՀՀ դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան»:
Հիշեցնենք, որ նախօրեին Factor.am-ը տեղեկացրել էր, որ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։ Տոնոյանը կրկին մեղադրյալի աթոռին է հայտնվել այն բանի համար, որ զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։