Հին անվադողերը կտաքացնեն ջերմոցները. հայ ձեռներեցի արտասովոր նախագիծը

https://arm.sputniknews.ru/20261126/hin-anvadvoghery-ktaqacnen-jermvocnery-haj-dzernereci-artasvovvor-nakhagitsy-109641494.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.imgsputniknews.ru/img/07e5/03/1d/26978847_590:0:3321:2048_1920x0_80_0_0_acd12bb31c286e66e46fdbadf61aa6d6.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ջերմոց, անվադող, վառելիք

ջերմոց, անվադող, վառելիք

Բաժանորդագրվել

Նախագծի հեղինակի հաշվարկներով՝ Հայաստանում տարեկան կուտակվում է ավելի քան 10 հազար տոննա մաշված անվադող։ Դրանց վերամշակումը թույլ կտա ջերմոցներն ապահովել էժան վառելիքով, աշխատատեղեր ստեղծել մարզերում և կրճատել վնասակար արտանետումները։

ԵՐԵՎԱՆ, 26 նոյեմբերի – Sputnik. Արարատի մարզի Վերին Դվին ասորական գյուղում հաջորդ տարի կբացվի հին ավտոմոբիլային անվադողերից հեղուկ վառելիքի (պիրոլիզային յուղի) արտադրություն։

Նախագծի հիմնադիր Հարություն Սարաֆյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց՝ որոշելով սեփական բիզնես սկսել, մտածել է ջերմոցների համար վառելիքի արտադրության մասին, որպեսզի օգնի Վերին Դվինում ապրող իր հարազատներին (Հարությունը մայրական կողմից ասորական արմատներ ունի)։

Արարատյան դաշտում շատ բնակիչներ տնամերձ հողամասերում փոքր ջերմոցներ ունեն։ Նրանց համար ծախսերի խոշորագույն մասը ջեռուցումն է, ուստի փորձում են խնայել այդ հարցում։ Ոմանք, օրինակ, տնից ջերմոց էլեկտրական պարույրներ են քաշում, բայց դա վտանգավոր է. անձրևի ժամանակ կարող է կարճ միացում տեղի ունենալ։ Ոմանք էլ ընդհանրապես չեն ջեռուցում ջերմոցը՝ վերջին բերքը հավաքելով հոկտեմբերին կամ նոյեմբերին։

Մինչդեռ հին անվադողերի վերամշակման միջոցով կարելի է համեմատաբար էժան վառելիք ստանալ, ընդ որում՝ շրջակա միջավայրի համար օգուտով, ասում է Հարությունը։ Իր նախագիծը նա ներկայացրել է Երևանում անցկացվող DigiTec բարձր տեխնոլոգիաների ամենամյա ցուցահանդեսում։

Պիրոլիզի տեխնոլոգիայի էությունը, որն արդեն վաղուց կիրառվում է աշխարհում, հումքը բարձր ջերմաստիճանի (400–600 աստիճան) տաքացնելն է անօդ միջավայրում։ Արդյունքում նյութերը ոչ թե այրվում են, այլ քայքայվում։ Ռետինի վերամշակման ժամանակ առաջանում են հեղուկ վառելիք, ածխածնային փոշի (սև մուր), ինչպես նաև այրվող գազ, որն օգտագործվում է պիրոլիզային վառարանի աշխատանքի համար։ Այդպիսի տեխնոլոգիա կիրառվում է նաև Հայաստանում, ինչի մասին ավելի վաղ արդեն գրել ենք։

Անվադողերի սովորական այրման դեպքում, ի տարբերություն պիրոլիզի, Սարաֆյանի խոսքով, առաջանում է մոտավորապես 2,5 անգամ ավելի շատ վնասակար արտանետում։

Հաշվի առնելով իր նախագծի բնապահպանական ուղղվածությունը՝ Հարությունն այն անվանել է Black2Green (թարգմանաբար՝ «սևից դեպի կանաչ»)։

2023-2025 թվականների տվյալներով՝ Հայաստան է ներմուծվում տարեկան ավելի քան մեկ միլիոն ավտոմոբիլային անվադող՝ չհաշված այն անվադողերը, որոնք երկիր են մտնում մեքենաների հետ միասին։ Արդյունքում հանրապետությունում ամեն տարի կուտակվում է ավելի քան 10 հազար տոննա օգտագործված անվադող։

Դրանցից կարելի է ստանալ ավելի քան 4 հազար տոննա պիրոլիզային յուղ, ինչը էներգիայի վերածելով, Սարաֆյանի հաշվարկներով, կազմում է ավելի քան 40 ՄՎտ։ Մյուս բաղադրիչը՝ մուրը, կարելի է օգտագործել տեխնիկական նպատակներով, օրինակ՝ որպես ներկանյութ, կամ դրանից վառելիքային բրիկետներ արտադրել։ Նախագծի հեղինակի գնահատմամբ՝ դա թույլ կտա ստանալ մոտավորապես 30 ՄՎտ-ին համարժեք լրացուցիչ էներգետիկ ռեսուրս։ Սարաֆյանը շեշտում է՝ այրման ջերմությամբ նման բրիկետները չեն զիջում քարածխին։

«Այս ամենը թույլ կտա մի քանի հեկտար ջերմոց ջեռուցել, իսկ դա քիչ չէ»,-ասում է Հարությունը։

Հեռանկարում նա ծրագրում է ամբողջ Հայաստանում չորս-հինգ նման արտադրություն բացել, որպեսզի անվադողերի վերամշակումն իրականացվի անմիջապես տեղում։ Յուրաքանչյուր արտադրամաս կկարողանա աշխատանքով ապահովել մինչև տասը մարդու, ինչը նույնպես կարևոր է մարզերի համար։

«Այն գյուղերում, որտեղ կտեղակայվեն այդ արտադրությունները, մենք կառաջարկենք վառելիքային բրիկետներ տրամադրել անապահով ընտանիքներին, կամ էլ մարդկանցից վերցնել անվադողեր, իսկ դրանց մի մասի դիմաց բրիկետներ տալ»,- պատմում է Հարությունը։

Իր արտադրական գաղափարը նա ներկայացրել է Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) հիմնադրած Green Academy տեխնոլոգիաների «կանաչ» ինկուբատորում։ Ինկուբատորի մասնակիցների համար անցկացվում են մի քանի ամիս տևողությամբ բիզնես դասընթացներ՝ հայ և արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ։

Leave a comment