Մարմարաշենում ապօրինի ձկնաբուծարան է հայտնաբերվել․ տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են

Հասարակություն

25.11.2026 | 22:24

Մասիսի համայնքային ոստիկաններն ու Բնության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Մարմարաշենում հայտնաբերել են ապօրինի գործող ձկնաբուծարան։ Ընկերությունը, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, ընդերքից ջուր է դուրս մղել՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս։ Ընկերության տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են։

«Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերություն Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում, չունենալով ջրօգտագործման թույլտվություն, զբաղվում է ձկնաբուծությամբ։

Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները, Բնության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների հետ նոյեմբերի 20-ին այցելեցին Մարմարաշեն։ Պարզվեց, որ ընկերության տնօրենը, չունենալով թույլտվություն, ձկնաբուծարանի համար դրենաժային համակարգով ընդերքից դուրս է մղում վայրկյանում 10-15 լիտր ջուր, ինչի պատճառով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի վնաս։ Պարզվել է նաև, որ հողը գյուղատնտեսական նշանակության է։

Ընկերության տնօրենն ու աշխատակիցը ձերբակալվել են, ապօրինի ձկնաբուծարանը՝ կնիքվել։
Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վնասը մասամբ վերականգնվել է։ Նախաքննությունը շարունակվում է։»,- ասվում է հաղորդագրությունում։

Leave a comment