Քաղաքացիությունից զրկելուց հետո Հայաստանի երբեմնի քաղաքացիներին կհանձնեն Ադրբեջանին

Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվող խնդրահարույց դրույթներից մեկն էլ քաղաքացիության իրավունքի վերաբերյալ գործող կարգավորումներում առաջարկվող փոփոխություններն են, որոնց համաձայն՝ հնարավորություն է ստեղծվում Հայաստանի քաղաքացուն զրկել քաղաքացիությունից։

Եթե գործող Սահմանադրությամբ հստակ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն չի կարելի զրկել քաղաքացիությունից կամ քաղաքացիությունը փոխելու իրավունքից, ապա նախագծով վերացվում է այդ բացարձակ արգելքը և նախատեսվում քաղաքացիությունից զրկելու ինստիտուտ՝ դատական կարգով, որը կգործի սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ։

 

Ինչպես երեկ Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ նշեց ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը, այդ կարգավորումը քննարկումների ժամանակ իր ղեկավարած կառույցն է առաջարկել, և առաջարկը ներառվել է նոր մայր օրենքի նախագծում։ Բայց սահմանումը շատ անորոշ է, քանի որ հստակեցված չէ, թե, օրինակ, ինչ կարգավիճակ կունենան քաղաքացիությունից զրկված անձինք, ինչ իրավունքներից կկարողանան օգտվել ու ինչ պարտավորություններ իրականացնել պետության նկատմամբ։ Նախարարի խոսքով՝ այդ հարաբերությունները նախատեսվում է կարգավորել «Քաղաքացիության մասին» օրենքով՝ Հայաստանի միջազգային պարտավորություններին համապատասխան։ Նախարարը հղում է անում այլ երկրների մայր օրենքին ու օրենսդրությանը՝ ասելով, որ տարբեր երկրներում նման հանցագործությունների համար քաղաքացիությունից զրկելու հնարավորություն նախատեսված է. «Անձն այնպիսի վտանգավորություն ունի, որ պետությունները բարձրացնում են այն հարցը՝ արդյո՞ք իրենք պետք է շարունակեն կապ ունենալ տվյալ անձի հետ, քաղաքացուն բնորոշ իրավունքների ու պարտականությունների ծավալ սահմանել»։

 

Նրա խոսքով՝ պետության դեմ ուղղված հանցագործություններ կատարած անձանց և պետության միջև հարաբերությունները չեն կարող ունենալ նույն որակը, ինչ պետության և այն քաղաքացիների միջև հարաբերությունները, որոնք որևէ գործողություն չեն կատարել ի վնաս պետության։ Հենց այդպիսի հիմնավորումներով է նախարարը պատճառաբանում նշված հոդվածի ներառումը Սահմանադրության նախագծում։

 

Անդրադառնալով հոդվածում առկա չհստակեցված դրույթներին, թե առանց քաղաքացիության մնացած անձն ինչպիսի կարգավիճակ է ունենալու պետության մեջ՝ Արփինե Սարգսյանն ասաց, որ այդ հարցում մի շարք շերտեր կան՝ կապված երկքաղաքացիություն ունեցող և միայն մեր երկրի քաղաքացիություն ունեցող անձանց նկատմամբ տվյալ դրույթի կիրառման հետ, որոնք պետք է քննարկվեն ու պարզաբանվեն։ Բացի դրանից, դրույթները պետք է համապատասխանեցվեն Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին, որոնց համաձայն՝ առանց քաղաքացիության անձինք որպես այդպիսին չպիտի լինեն։ Նախարարը միայն հավելեց, որ այդ անձանց ՀՀ քաղաքացու անձնագրի փոխարեն կտրվի բաց կապույտ գույնի անձնագիր, որը հաստատված է միջազգային կոնվենցիայով և ընդունված միջազգային սահմաններում։

 

Նախագծի այս հոդվածում քաղաքական հետապնդումների ու հալածանքների զոհ դարձած խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմությունը հերթական լծակն է տեսնում Փաշինյանի կողմից իր քաղաքական այլախոհների դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար։ Ի դեպ, այն երկրներում, որտեղ այդ հնարավորությունն ամրագրված է օրենքով ու սահմանադրությամբ, սովորաբար այն կիրառում են ազգային փոքրամասնությունների՝ հատկապես ներգաղթյալների և քաղաքական այլախոհների նկատմամբ։ Քաղաքացիությունից զրկումը կամ դրա դադարեցումը պետության նախաձեռնությամբ կիրառվում է աշխարհի բազմաթիվ երկրներում՝ տարբեր իրավական հիմքերով։ Քանի որ քաղաքացիություն ունենալու իրավունքը ճանաչված է մի շարք միջազգային պայմանագրերով, այդ թվում՝ Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 15-րդ հոդվածով, քաղաքացիությունից զրկումը հաճախ դիտվում է որպես մարդու իրավունքների խախտում։ Միջազգային իրավունքը սովորաբար արգելում է մարդուն թողնել առանց քաղաքացիության՝ նրան ապատրիդի կարգավիճակ տալով, սակայն կան բացառություններ՝ կախված տվյալ պետության օրենսդրությունից։ Ազգային անվտանգություն, ահաբեկչություն և անհավատարմություն․ այս հիմքերով քաղաքացիությունից զրկելու մասին օրենքները կիրառվում են կամ ընդլայնվել են մի շարք երկրներում՝ Մեծ Բրիտանիայում, Ավստրալիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Նիդերլանդներում, ԱՄՆ-ում, Թուրքիայում։ Թուրքիայում օրենքը կիրառվում է այն անձանց նկատմամբ, որոնք առանց թույլտվության ծառայում են օտարերկրյա պետության՝ Թուրքիայի շահերին հակառակ, կամ որոնց նկատմամբ հետաքննություն է տարվում պետական անվտանգության և սահմանադրական կարգի դեմ ուղղված հանցագործությունների, այդ թվում՝ ահաբեկչության գործով, և նրանք գտնվում են արտերկրում ու ծանուցումից հետո 3 ամսվա ընթացքում չեն վերադառնում Թուրքիա։ ՀՀ նոր Սահմանադրության նախագծում քաղաքացիությունից զրկելու հիմքերը նման են Թուրքիայում կիրառվող կարգավորումների հիմնավորումներին, և ընդդիմադիր որոշ շրջանակներում համոզմունք կա, որ հենց այդ երկրի օրինակից են ոգեշնչվել նախագծի հեղինակները, և հայաստանյան իշխանություններն այդ հիմքով ևս, ինչպես Թուրքիայում, հաշվեհարդար են տեսնելու իրենց քաղաքական հակառակորդներից։

 

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշում է, որ քաղաքական ընդդիմադիր գործիչների դեմ հարուցված քրեական վարույթների տրամաբանությունը հուշում է, որ քաղաքացիությունից զրկելու հիմքով նմանատիպ դատական գործերը լինելու են հենց քաղաքական ակտիվ հայացքներ ունեցող ընդդիմադիրների նկատմամբ, և դա լրացուցիչ շանտաժի գործիք է լինելու։ Ըստ նրա՝ շատ քաղաքական, հանրային գործիչներ պատրաստ են հանուն իրենց հայացքների ու արժեքների տարիներ անցկացնել քրեակատարողական հիմնարկներում, և քանի որ մարդիկ այլևս չեն վախենում այդ պատժամիջոցից, իշխանությունները լրացուցիչ գործիք են փորձում ավելացնել իրենց պատժամիջոցների զինանոցում՝ այդ մարդկանց անդառնալիորեն զրկելու քաղաքացիությունից, ինչը միջազգային նորմերով չի թույլատրվում։ Անգամ երկքաղաքացիություն ունեցող անձին, որը հայ է ու Հայաստանի քաղաքացի, իրավունք չունեն իր երկրի քաղաքացիությունից զրկելու, այնինչ առաջարկվող հոդվածով նաև այդ հնարավորությունն է ստեղծվել։ Փաստաբանը պարզաբանում է՝ անձը, որը ՀՀ քաղաքացի չէ, կարող է իշխանությունների կողմից հանձնվել օտար պետության, օրինակ՝ Ադրբեջանին։ Նա համոզված է, որ Արցախում ծառայություն իրականացրած ամեն հայ Բաքվի բռնապետի կողմից հանցագործ է համարվում, որը հատել է Ադրբեջանի սահմանը և անօրինականորեն գտնվել ու գործել այդ պետության տարածքում։ Ադրբեջանի պահանջով այդ մարդկանց՝ որպես ահաբեկիչների, կարող են հանձնել Ադրբեջանին, և Հայաստանն էլ այլևս հետամուտ չի լինի նրանց ճակատագրին՝ հիմնավորմամբ, որ նրանք այլևս իր քաղաքացիները չեն։ «Գուցե անհեթեթ թվա նման զարգացումը, բայց հաշվի առնելով, թե ինչպիսի ջանասիրությամբ են ՀՀ իշխանությունները կատարում Ադրբեջանի պահանջները, այդ մտավախությունը լիովին իրատեսական է»,- ասում է փաստաբանը։

 

Չմոռանանք, որ Փաշինյանն իր քաղաքական ընդդիմադիր ուժերի առաջնորդներին արդեն իր խոսույթի մակարդակում օտարերկրյա գործակալներ է հռչակել, և նրա ենթակա թիմակիցներն էլ կրկնում են նույն պնդումներն այնպիսի վստահությամբ, ասես ապացույցներ ու դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած որոշումներ ունեն։ Եվ չի բացառվում, որ հենց այդ հիմքով էլ նոր Սահմանադրության նախագծին օրինական ուժ տալու դեպքում Փաշինյանը կզրկի նրանց ՀՀ քաղաքացիությունից՝ դրա հետագա հետևանքների իրականացմամբ։

 

Թագուհի Ասլանյան

Leave a comment