Գերմանիայի տնտեսությունը երրորդ եռամսյակում, երկրորդ եռամսյակի համեմատ, աճել է 0.1%-ով։ Այս մասին են վկայում Գերմանիայի վիճակագրական դաշնային վարչության (Destatis) վերջնական տվյալները։
Նախնական տվյալներով՝ տնտեսական աճը գնահատվել էր 0.2%, իսկ Trading Economics-ի հարցմանը մասնակցած վերլուծաբանները գնահատականի վերանայում չէին ակնկալում։
Պետական ծախսերն աճել են 0.3%-ով, սպառողական ծախսերը՝ 0.1%-ով։ Միևնույն ժամանակ, կապիտալ ներդրումները կրճատվել են 1.2%-ով։
Ապրանքների և ծառայությունների արտահանումը նվազել է 1%-ով, իսկ ներմուծումը՝ 1.4%-ով։
Հուլիս-սեպտեմբեր ամիսներին Գերմանիայի ՀՆԱ-ի տարեկան աճը կազմել է 1.1%, ինչը վերջին չորս տարվա առավելագույն ցուցանիշն է։ Ավելի վաղ հայտարարվել էր 1.2% աճի մասին, և փորձագետները տվյալների վերանայում չէին ակնկալում։
Համեմատության համար նշենք, որ երկրորդ եռամսյակում Գերմանիայի ՀՆԱ-ն նախորդ երեք ամիսների համեմատ աճել էր 0.3%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 1%-ով։
Չորրորդ եռամսյակի ՀՆԱ-ի դինամիկայի վերաբերյալ նախնական տվյալները կհրապարակվեն հունվարի 29-ին։