Կոստանյանն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը
ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Հայաստանը մտադիր չէ խզել հարաբերությունները Ռուսաստանի հետ, ճգնաժամ ստեղծել երկկողմ հարաբերություններում կամ «այրել կամուրջները» Ռուսաստանի Դաշնության հետ։ Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի փոխնախարար Վահան Կոստանյանը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ դեկտեմբերին երեք այց կկատարի Ռուսաստան։ Դեկտեմբերի 3-ին Մոսկվայում նա կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, դեկտեմբերի 11–12-ին կմասնակցի Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին, իսկ դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում՝ ԵԱՏՄ և ԱՊՀ ղեկավարների հանդիպումներին։
Փաշինյանն ընդգծել է, որ երեք այցերն էլ նախապես պլանավորված են եղել։
Մեկնաբանելով Փաշինյանի և Պուտինի առաջիկա հանդիպման օրակարգը՝ Կոստանյանը նշել է, որ այն նախատեսում է հայ-ռուսական հարաբերություններում վերջին շրջանում կուտակված խնդիրների վերանայում։
«Վերանայումը միտված է առողջացնելուն և առաջ նայելուն այս հարաբերություններում», – ասել է նա։
Կոստանյանն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի կարևոր գործընկերը։
«Մենք հույս ունենք, որ Ռուսաստանի Դաշնության գործընկերները նույնպես այսպիսի տրամաբանությամբ են մոտենում այդ հանդիպման նախապատրաստմանը, և հենց գործընկերային մթնոլորտում տեղի կունենան այս քննարկումները», – նշել է Կոստանյանը։