Զենք-զինամթերքի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումների ծառայողների կողմից հետևողականորեն շարունակվում են բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքի հայտնաբերման ու առգրավման միջոցառումները։
Նոյեմբերի 18-ին Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Հարթավան գյուղի 36-ամյա բնակիչը ապօրինի պահում է հրազեն։ Նա հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է մարզային վարչություն։ Բացատրական աշխատանքի արդյունքում երիտասարդը հայտնել է, որ քրեական ոստիկանների տեղեկությունը հավաստի է։
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված խուզարկությամբ Հարթավան գյուղի բնակչի տանը հայտնաբերվել է ատրճանակ, որն առգրավվել է։
36-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։
Ապօրինի զենք-զինամթերք են առգրավել նաև Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները։
Իրացնելով օպերատիվ տեղեկությունը՝ համայնքային ոստիկանները պարզել են, որ Կախակն գյուղի 34-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ 34-ամյա երիտասարդի տանը հայտնաբերվել են մեկփողանի ողորկափող որսորդական հրացան, փամփուշտներ և պարկուճներ։
Վարդենիսի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում նաև ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպք է գրանցվել։
Նոյեմբերի 16-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ զենք-զինամթերք է թողել Վարդենիսից Մեծ Մասրիկ տանող ճանապարհի հարակից կիսաքանդ շինությունում։ Համայնքային ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են «ԱԿՄ» տեսակի ինքնաձիգ և տարբեր տրամաչափի 102 փամփուշտ։
Հիշեցնենք, որ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ հրազենը, դրա հիմնական բաղկացուցիչ մասերը, ռազմամթերքը և այլ նյութերը, սարքերը, առարկաները կամավոր հանձնած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից։
ՆԳՆ ոստիկանություն