Արցախցի կարատեի չեմպիոն Արթուր Առուշանյանը Արգենտինայում կայացած «Պան Ամերիկայի գավաթ» միջազգային մրցաշարում նվաճել է ոսկե մեդալ՝ իր մարզական կարիերայում ավելացնելով ևս մեկ տիտղոս։
Չեմպիոնական հաղթանակներ են գրանցել նաև նրա հիմնադրած մարտարվեստի դպրոցի սաները։
MediaHub-ի հետ զրույցում Առուշանյանը հայտնել է, որ թեև մրցաշարում հանդես են եկել Արգենտինայի ներկայացուցչի կարգավիճակով, ինքն ու իր ակումբի մարզիկները մրցահարթակ են դուրս եկել հայկական և արգենտինական դրոշներով՝ ներկայացնելով հայկական «Ֆենիքս» ակումբը։
«Մրցումները տեղի են ունեցել Արգենտինայի Կորդոբա քաղաքում։ Առաջին անգամ հանդես եմ եկել նոր քաշային կարգում, հաղթել մրցակիցներիս և գրավել առաջին տեղը։ Իսկ իմ ակումբի մարզիկները նվաճել են 4 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ»,- պատմել է մարզիկը։
Նշենք, որ Արթուր Առուշանյանը կյոկուշին կարատեի աշխարհի քառակի և Եվրոպայի վեցակի չեմպիոն է։ Աշխարհի չեմպիոնի տիտղոսը նա նվաճել է 2015, 2017, 2019 և 2021 թվականներին, իսկ Եվրոպայի չեմպիոն է դարձել 2011, 2012, 2017, 2018, 2019 և 2022 թվականներին։
Հայաստանի դրոշի ներքո նա մասնակցել է միջազգային մի շարք առաջնությունների՝ բազմիցս արժանանալով չեմպիոնական տիտղոսների։ 2023 թվականի Արցախից բռնի տեղահանվելուց հետո մարզիկը հաստատվել է Արգենտինայում, որտեղ շարունակում է մարզական կարիերան և մարզչական գործունեությունը։