Քաղաքականություն
25.11.2026 | 12:57
Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանը քիմիական զենք է մշակում, և խոստացել է թույլ չտալ Թեհրանին ձեռք բերել այն, գրում է CBS News-ը։
«Իրանը քիմիական զենքի մշակման գործընթացում է։ Իսրայելը թույլ չի տա, որ նրանք հասնեն այդ հնարավորությանը»,- իսրայելցի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Կացը։
Նա չի բացառել, անհրաժեշտության դեպքում, Թեհրանի դեմ կանխարգելիչ հարվածի հնարավորությունը։
«Եթե մենք հասկանում ենք, որ իրանցիները մտադիր են հարձակվել Իսրայելի վրա, մի՞թե չենք կարող բանակին հրահանգել ավելի վաղ հարվածել և կանխել սպառնալիքը։ Եթե իրանցիներն առաջինը հարձակվեն մեզ վրա, դա ձախողում կլինի», – ասել է նա։
Կացի հայտարարությունները հնչել են այն ժամանակ, երբ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին քննադատել է ԱՄՆ կառավարությանը՝ Քիմիական զենքի արգելման կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու համար։ Հաագայում գործող միջազգային կառույցը վերահսկում և կանխում է քիմիական զենքի կիրառումը։ Reuters-ի հաղորդմամբ՝ կազմակերպությունը բյուջետային ճգնաժամի առաջ է կանգնել այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը դադարեցրել է ֆինանսավորումը։
«ԱՄՆ-ն այնքան է մտահոգված քիմիական զենքով, որ կաթվածահար է անում քիմիական զենքի դեմ պայքարի համաշխարհային կառույցի աշխատանքը։ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունը կարող է ստիպված լինել դադարեցնել գործունեությունը և կրճատել կենսական նշանակություն ունեցող ծրագրերը։ Իր մանդատի իրականացմանը խոչընդոտելով՝ ԱՄՆ-ը միտումնավոր վտանգի տակ է դնում համաշխարհային խաղաղությունն ու անվտանգությունը։ Ամոթալի է»,- X-ում գրել է Արաղչին։
Լրատվամիջոցը նշում է, որ Քիմիական զենքի արգելման կազմակերպությունն Սիրիայում իրականացրած իր աշխատանքի համար 2013 թվականին արժանացել է Խաղաղության Նոբելյան մրցանակի։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի