Աշխարհահռչակ հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու «Վենետիկը գիշերը։ Սան Ջորջո Մաջորե» կտավը Լոնդոնի Sotheby’s աճուրդի տանը վաճառվել է 1.1 միլիոն ֆունտ ստեռլինգով, ինչը համարժեք է շուրջ 1.4 միլիոն դոլարի։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, 1862 թվականին ստեղծված գործը նախապես գնահատվել էր 500,000-ից 700,000 ֆունտ ստեռլինգ՝ 655,000-ից 915,000 դոլար։ Այն աճուրդի էր ներկայացրել էստոնացի մասնավոր հավաքորդը, որի ընտանիքում կտավը պահպանվել էր 19-րդ դարից՝ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերվելուց ի վեր։
Աճուրդում վաճառվել են նաև վարպետի այլ գործեր։ Մասնավորապես՝ «Նեապոլի ծոցը՝ հեռվում Կապրիով» կտավը վաճառվել է 512,000 ֆունտ ստեռլինգով՝ մոտ 670,000 դոլար, «Ամերիկյան շոգենավը փոթորկալից ծովում» աշխատանքը՝ 218,000 ֆունտ ստեռլինգով՝ շուրջ 285,000 դոլար, իսկ «Նավաբեկությունը»՝ 154,000 ֆունտ ստեռլինգով՝ մոտ 200,000 դոլար։
Միևնույն աճուրդում «Նավաբեկություն լուսնի լույսի ներքո» և «Ձմեռային բնապատկեր Ուկրաինայում» կտավներից յուրաքանչյուրը վաճառվել է 448,000 ֆունտ ստեռլինգով, որը կազմում է մոտ 585,000 դոլար։