Դեկտեմբերի 4–6-ը Երևանում երրորդ անգամ կանցկացվի առողջապահության միջազգային ցուցահանդեսը՝ Healthcare Expo Armenia–ն

Երեք օր շարունակ «Մերիդիան» էքսպո կենտրոնը կդառնա բժշկության, գիտության, ժամանակակից տեխնոլոգիաների և միջազգային համագործակցության հանդիպման վայր։ Դեկտեմբերի 4–6-ը Երևանում կանցկացվի Healthcare Expo Armenia 2026-ը՝ առողջապահության ոլորտի ամենամյա միջազգային ցուցահանդեսը։

Արդեն երրորդ տարին կազմակերպվող միջոցառումը մեկ հարթակում կմիավորի բժշկական կենտրոններին, առողջապահական ծառայություններ մատուցող կազմակերպություններին, բժշկական սարքավորումների և տեխնոլոգիաների արտադրողներին ու մատակարարներին, գիտակրթական հաստատություններին, մասնագետներին և քաղաքացիներին։

Ցուցահանդեսի նպատակն է նպաստել Հայաստանում առողջապահական ոլորտի զարգացմանը՝ ստեղծելով միջավայր, որտեղ միջազգային փորձը կարող է հանդիպել տեղական հնարավորություններին, գիտական նորարարությունները՝ գործնական կիրառությանը, իսկ բիզնես նախաձեռնությունները՝ նոր գործընկերներին։

Բժշկությունից մինչև արհեստական բանականություն

Այս տարի Healthcare Expo Armenia-ն ընդգրկում է վեց հիմնական թեմատիկ ուղղություն՝ առողջապահություն և արհեստական բանականություն, բժշկական զբոսաշրջություն, ընտանեկան առողջություն, One Health («Մեկ առողջություն»), ցավի կառավարում և առողջ ապրելակերպ։

Ցուցադրական հատվածում նախատեսվում է ներկայացնել բժշկական և ախտորոշիչ ծառայություններ, ժամանակակից սարքավորումներ, դեղագործական ու հարակից ոլորտների լուծումներ, առողջապահական նորարարություններ և տեխնոլոգիական նախաձեռնություններ։

Միջոցառման կարևոր առանձնահատկություններից է տարբեր լսարանների համատեղ մասնակցությունը։ Ընկերությունների համար այն գործարար կապերի հաստատման և արտադրանքի ներկայացման հարթակ է, բժիշկների համար՝ մասնագիտական գիտելիքների փոխանակման հնարավորություն, իսկ քաղաքացիների համար՝ առողջապահական ծառայություններին, կանխարգելման մոտեցումներին և նոր լուծումներին ծանոթանալու միջավայր։

Միջազգային գիտական համագումար՝ ցուցահանդեսին զուգահեռ

Healthcare Expo Armenia 2026-ի շրջանակում կանցկացվեն նաև Ցավի բժշկության հայկական միջազգային երկրորդ համագումարը՝ AICPM 2.0-ը, և Yerevan Pain Days 2K26-ը։

Եռօրյա գիտական ծրագիրը կմիավորի հայաստանյան և արտասահմանյան մասնագետներին՝ քննարկելու ցավի ախտորոշման, բուժման, վերականգնման և բազմամասնագիտական բուժօգնության ժամանակակից մոտեցումները։

Կոնգրեսի ծրագրում նախատեսված են միջազգային բանախոսների ելույթներ, մասնագիտական նիստեր և գործնական աշխատաժողովներ։ Այդպիսով, նույն վայրում կմիավորվեն բժշկական գիտությունը, կրթությունը և առողջապահական արդյունաբերությունը։

Առողջապահությունը՝ նաև հանրության համար

Ցուցահանդեսը նախատեսված չէ միայն ոլորտի մասնագետների համար։ Կազմակերպիչները կարևորում են նաև հանրության ներգրավումը՝ առողջության պահպանման, հիվանդությունների կանխարգելման և ժամանակին բժշկի դիմելու մշակույթի զարգացման նպատակով։

Այցելուների համար նախատեսվում են առողջապահական նախաձեռնություններ, բժշկական խորհրդատվությունների և կանխարգելիչ հետազոտությունների հնարավորություններ, ինչպես նաև ծանոթություն տարբեր բժշկական կենտրոնների ծառայություններին։

Healthcare Expo Armenia 2026-ի կազմակերպիչը «Իվենչր Գլոբալ» (Eventure Global) ընկերությունն է, որը նախագծի միջոցով նպատակ ունի զարգացնել Հայաստանի դերը որպես առողջապահական մասնագիտական և գործարար հանդիպումների հարթակ։

Armenian International Healthcare Expo 2026-ը կանցկացվի դեկտեմբերի 4-ին, 5-ին և 6-ին՝ Երևանի «Մերիդիան» էքսպո կենտրոնում։ Աշխատանքային ժամերը՝ ամեն օր 12:00–20:00։

Ցուցահանդեսի մուտքն ազատ է։

Վճարովի բովանդակություն

Leave a comment