FEMINNO 2026․ ԱԲ-ի դարաշրջանում մարզաբնակ երիտասարդների ներուժի բացահայտումը նոր հնարավորություններ է ստեղծում

Արհեստական բանականությունը փոխում է ոչ միայն տեխնոլոգիաները, այլև կրթության, աշխատանքի և մասնագիտական զարգացման մասին մեր պատկերացումները։ Այս փոփոխությունների պայմաններում առավել կարևոր է դառնում մեկ հարց՝ ինչպե՞ս ապահովել, որ նորարարական հնարավորությունները հասանելի լինեն բոլորին` անկախ գտնվելու վայրից, մասնագիտությունից և տարիքից։

Այս հարցերի շուրջ էր ծավալվել FEMINNO 2026 միջազգային համաժողովը, որն այս տարի անցկացվել է «Վերաշարադրելով ապագան — ԱԲ. Նորարարություն. Մարդկային ներուժ» խորագրով։ Առաջին անգամ համաժողովը դուրս է եկել Երևանի սահմաններից՝ իր շուրջը միավորելով Հայաստանի տարբեր մարզերի բնակիչների՝ Սյունիքում, Տավուշում ու Լոռիում կազմակերպված հանդիպումների միջոցով։

Ավելի քան 30 հայաստանյան և միջազգային խոսնակների մասնակցությամբ միջոցառումը դարձել է հարթակ՝ քննարկելու արհեստական բանականության ազդեցությունը կրթության և աշխատանքի ապագայի վրա, կանանց առաջնորդության դերը, ձեռներեցության նոր հնարավորություններն ու տեխնոլոգիաների պատասխանատու կիրառությունը։

Կարևորելով տեխնոլոգիական առաջընթացը, նորարարությունը և մարդկային ներուժի զարգացումը **Ամերիաբանկը** միացել էր այս նախաձեռնությանը որպես հովանավոր վստահ լինելով, որ երկրի զարգացումը մեծապես կախված է նրանից, թե որքանով ենք կարողանում բացահայտել և զարգացնել յուրաքանչյուր մարդու ներուժը՝ անկախ բնակության վայրից կամ ունեցած հնարավորություններից։

«Հատկապես կարևոր է, որ երիտասարդները դեռ վաղ տարիքից տեսնեն իրենց հնարավորությունների շրջանակը, ծանոթանան նոր մասնագիտությունների, տեխնոլոգիաների և առաջնորդության օրինակների հետ։ FEMINNO-ի նման նախաձեռնություններն օգնում են ոչ միայն ոգեշնչել, այլև ստեղծել կապեր ու հնարավորություններ», — նշել է Ամերիաբանկի Մարքեթինգի և հաղորդակցության գծով տնօրեն Իրինա Փյուսկյուլյանը:

FEMINNO-ի շրջանակում եղել են նաև միջազգային փորձագետների ելույթներ, մասնավորապես, խոսնակների թվում էին Լիբանանից Ստեֆան Բողոսյանը, կանանց իրավունքների միջազգային պաշտպան Հուրի Գեդելեկյանը, արհեստական բանականության փորձագետ Ռիչարդ Վավրենան և այլ մասնագետներ։ Առանձին ուշադրության է արժանացել նաև կին ձեռներեցների համար կազմակերպված «She Builds with AI՝ նա ստեղծում է ԱԲ-ով» գործնական աշխատարանը, որի նպատակն էր մասնակիցներին ծանոթացնել բիզնեսում արհեստական բանականության գործիքների կիրառման հնարավորություններին։

Այս քննարկումների կարևոր ուղերձներից մեկն այն էր, որ տեխնոլոգիական ապագան պետք է կառուցվի ոչ միայն նոր գործիքների, այլև մարդկանց ներուժի զարգացման միջոցով։ Կանանց համար կրթության, մասնագիտական կողմնորոշման և առաջնորդության հնարավորությունների ընդլայնումն այս գործընթացի կարևոր բաղադրիչն է։

Մասնակիցների համար այս նախաձեռնությունները միայն գիտելիք ստանալու հնարավորություն չեն, այլև սեփական փորձը ներկայացնելու և նոր կապեր հաստատելու հարթակ։

Շիրակի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ, ծրագրի շահառու Նարե Խաչատրյանի խոսքով՝ համաժողովը հնարավորություն է տվել պատմելու իր անցած երկու տարիների մասին.

«FEMINNO-ի կոնֆերանսն ինձ համար շատ հաճելի ու հիշարժան փորձ էր։ Հնարավորություն ունեցա պատմելու «Մասնագիտություններ և դերեր առանց «բայց»-երի» ծրագրի ընթացքում անցած փուլերի, դժվարությունների ու ձեռքբերումների մասին»,- նշել է նա:

Իսկ Սուսաննա Պողոսյանը, որ մասնակիցներից մեկի մայրն է, նշել է, որ հատկապես տպավորիչ էր տեսնել՝ որքան նոր գիտելիք, փորձ և հնարավորություններ են ստացել ծրագրի մասնակիցները։

FEMINNO-ի հիմնադիր և նախագահ Սեդա Պապոյանն ընդգծել է, որ իրենց համար կարևոր է, որ Հայաստանի ցանկացած մարզում ապրող աղջիկ կարողանա տեսնել իր տեղը գիտության, տեխնոլոգիաների և նորարարության աշխարհում։

«Այս տարի մենք ոչ միայն միջազգային խոսնակներին ու քննարկումները տարանք մարզեր, այլև ևս մեկ անգամ ցույց տվեցինք, որ իրական փոփոխությունը սկսվում է հնարավորությունների հասանելիությունից։ FEMINNO-ն միայն համաժողով չէ․ մենք կառուցում ենք միջավայր, որտեղ ոգեշնչումը վերածվում է կրթության, կապերի և իրական հնարավորությունների», — նշել է նա։

2026 թվականից FEMINNO-ն ընդլայնում է նաև իր միջազգային գործունեությունը․ ԱՄՆ-ում սկսել է գործել FEMINNO Foundation հիմնադրամը, որի նպատակն է զարգացնել միջազգային համագործակցությունը, ներգրավել նոր գործընկերների և ընդլայնել աղջիկների ու կանանց կրթական ու առաջնորդության հնարավորությունները։

Leave a comment