Թրամփը ներում է շնորհել «Ֆրիդոմ» և «Ֆեդերս» անուններով հնդկահավերին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Գոհաբանության օրվան ընդառաջ Սպիտակ տանը կայացած ավանդական արարողությանը ներում է շնորհել «Ազատություն» (Freedom) և «Փետուրներ» (Feathers) անուններով հնդկահավերին։

Թրամփը հայտարարել է, որ թռչուններին շնորհում է «լիակատար, բացարձակ և անվերապահ ներում, ինչը նշանակում է, որ նրանք հավերժ կապրեն»։ Դիմելով «Ֆրիդոմ» անունով հնդկահավին՝ նա ասել է. «Այս պահից սկսած՝ դու լիովին և անվերապահորեն ներված ես»։

Ինչ վերաբերում է «Ֆեդերս»-ին, ապա նախագահը նշել է, որ թռչունը փախել ու թաքնվել է թփուտներում, սակայն, միևնույն է, ներում կստանա։

Այս տարվա արարողությունը տեղի է ունեցել Սպիտակ տան նոր ուղղաթիռային հրապարակում։ Թրամփը նշել է, որ հաջորդ տարի միջոցառումը կանցկացվի նոր պարասրահում։

Ներում ստացած թռչունները կուղարկվեն Տեխաս նահանգի Քոլեջ Սթեյշն քաղաք՝ Տեխասի A&M համալսարան, որտեղ էլ կանցկացնեն իրենց կյանքի մնացած մասը։ Սա առաջին դեպքն է, երբ նման հնդկահավերը տեղավորվում են այնտեղ։

Հնդկահավերին մեծացրել են Արևմտյան Վիրջինիա նահանգի Ֆորտ Սեյբերտ քաղաքից ֆերմերներ Սքոթ և Բեքի Ռայթսելները։ 

ԱՄՆ-ում Գոհաբանության օրը նշվում է նոյեմբերի չորրորդ հինգշաբթի օրը. 2026 թվականին այն կհամընկնի նոյեմբերի 26-ի հետ։ Հնդկահավին ներում շնորհելու ժամանակակից ավանդույթը ձևավորվել է նախագահ Ջորջ Բուշ Ավագի օրոք։ 1989 թվականին, երբ մոտակայքում բողոքի ակցիա էին անցկացրել կենդանիների իրավունքների պաշտպանները, նախագահը կատակով ասել էր, որ իրեն նվիրված թռչունը չի հայտնվի տոնական սեղանին, քանի որ նախագահական ներում է ստանում և իր կյանքի մնացած օրերը կանցկացնի մանկական ֆերմայում։ Այդ ժամանակվանից ի վեր հնդկահավին ներում շնորհելը դարձել է նախագահական ամենամյա ավանդույթ։

Leave a comment