Տիգրան Աբրահամյան․ «Հայ ժողովուրդ» եզրույթը «ՀՀ ժողովրդով» փոխարինելը հրաժարում է հայկական ազգային պետությունից

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Տիգրան Աբրահամյանն, անդրադառնալով նոր Սահմանադրության նախագծում նախատեսվող փոփոխություններին, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նախագծում «հայ ժողովուրդ» ձևակերպման փոխարեն «ՀՀ ժողովուրդ» եզրույթի ամրագրումը ենթադրում է հայկական ազգային պետականության սկզբունքից հրաժարում:

«Ներկայում գործող Սահմանադրության մեջ Հայաստանի Հանրապետությունը դիտարկվում է որպես հայկական ազգային պետություն, որտեղ հայ ժողովուրդը պետականակերտ` տիտղոսային ազգ է, իսկ երկրում բնակվող ազգային փոքրամասնություններն ունեն սահմանադրորեն երաշխավորված իրավունքներ՝ իրենց լեզուն, մշակույթն ու ավանդույթները պահպանելու համար։

Ալիևյան սահմանադրությունում «Հայ ժողովուրդ» եզրույթը «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթով փոխարինելը նշանակում է հրաժարվել հայկական ազգային պետությունից և անցում կատարել զուտ տարածքային-քաղաքացիական մոդելի։ Այս դեպքում պետության տիտղոսային ազգի կրող դառնում է ոչ թե հայ ազգը, այլ տվյալ պահին երկրի տարածքում բնակվող և քաղաքացիություն ունեցող բնակչության ամբողջությունը՝ անկախ էթնիկ պատկանելությունից։

Եթե Սահմանադրությունից դուրս է գալիս «հայ ժողովրդի»՝ որպես տիտղոսային ազգի դերը, ապա ցանկացած էթնիկ խումբ, որը ապագայում, օրինակ, Ադրբեջանից հաճախ հնչող խոսույթի համատեքստում, կարող է տեղափոխվել Հայաստան և ստանալ քաղաքացիություն, իրավաբանորեն դառնում է «ՀՀ ժողովրդի»՝ որպես ինքնիշխանության կրողի հավասարազոր բաղադրիչ, ինչն էլ կարող է փոխել մեր երկրի ազգային և ժողովրդագրական դիմագիծը»։

Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Ներկայիս Սահմանադրության նախաբանը սկսվում է «Հայ ժողովուրդը» ձևակերպմամբ, մինչդեռ առաջարկվող տարբերակում օգտագործվել է «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» արտահայտությունը։ Նոր տեքստում այլևս ներառված չէ նաև «Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» ձևակերպումը։

Leave a comment