Ընդդիմադիր համախմբում․ Իշխող ուժը չունի լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն համար

Ընդդիմադիր համախմբումը հայտարարել է, որ մերժում է իշխանության հրապարակած Սահմանադրության նոր նախագիծը՝ նշելով, որ իշխող ուժը սահմանադրության փոխելու լեգիտիմություն չունի:

Ընդդիմադիր քաղաքական ուժերը պատրաստակամություն են հայտնել միավորելու ջանքերը խորհրդարանական ընդդիմության հետ՝ կանխելու համար նոր Սահմանադրության ընդունումը։

«Իշխանության հրապարակած սահմանադրական նախագիծը փաստում է, որ գործ ունենք ոչ միայն օտար պետության պարտադրանքի, այլև երկրի ներսում՝ իշխանության կենտրոնացման և ավտորիտար կառավարման համակարգի ամրապնդման հետ։

«Ալիևյան սահմանադրությունը» հայաստանյան ներքին օրակարգ է բերվել Ադրբեջանի նախագահի պահանջով՝ ստեղծելով երկու հիմնարար սպառնալիք.

Օտար պետության թելադրանքի ընդունում. Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը Բաքվի կողմից խաղաղության նախապայման է և վտանգում է Հայաստանի անկախ պետականության հիմքերն ու ինքնիշխանությունը։ Դրանով իսկ այն որևէ կապ չունի հայ ժողովրդի ինքնության ու ազգային արժեքների հետ և խոչընդոտում է Հայաստանի Հանրապետության զարգացման հեռանկարները։

Իշխանության անսահմանափակ կենտրոնացում. Սահմանադրության փոփոխության գործընթացը իշխող ուժն օգտագործում է իր ձեռքում իշխանությունը կենտրոնացնելու և զսպումների ու հակակշիռների մեխանիզմները վերացնելու համար։

Արձանագրում ենք, որ իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար։ Հասարակության ծայրահեղ բևեռացվածության, քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ շարունակվող բռնաճնշումների ու ապօրինությունների պայմաններում անհնար է Մայր օրենքի փոփոխությունը՝ ժողովրդավարական և բազմակարծիք քննարկումների սկզբունքով։

Ելնելով վերոգրյալից՝ Ընդդիմադիր համախմբումը հայտարարում է.

Վճռականորեն մերժում ենք արտաքին պահանջով թելադրված նոր սահմանադրությունը։

Համերաշխություն ենք հայտնում խորհրդարանական ընդդիմության՝ ազգային արժանապատվությունը առևտրի առարկա չդարձնելու սկզբունքային դիրքորոշմանը՝ համախմբված ուժերով արտաքին պարտադրանքի և ալիևյան սահմանադրության ընդունման դեմ հանդես գալու պատրաստակամությամբ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ընդդիմադիր համախմբումն առաջիկա օրերին կհայտարարի նշված օրակարգով Համախմբման հանդիպման մասին։

Նոյեմբերի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանրությանն է ներկայացրել նոր Սահմանադրության նախագիծը։ Փաստաթղթի նախաբանում այլևս ներառված չէ Անկախության հռչակագրին կատարված հղումը։ Նա ասել է, որ հրաժարական կտա, եթե նոր Սահմանադրությունը հանրաքվեի արդյունքում չարժանանա քաղաքացիների հավանությանը։ Փաստաթղթի ընդունման պարագայում էլ նա հաջորդ ընտրություններում չի առաջադրվի որպես վարչապետի թեկնածու։

Նախագիծը համաժողովրդական քվեարկության ներկայացնելու համար խորհրդարանում անհրաժեշտ է ապահովել առնվազն 70 պատգամավորի աջակցությունը, սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագիրն» ունի 64 պատգամավորական մանդատ։

Leave a comment