Վլադիմիր Վարդանյանը ՄԻԵԴ-ի և Վենետիկի հանձնաժողովի նախագահների հրավերով կմեկնի Ստրասբուրգ․ օրակարգում դատական իշխանության տարանջատումն ու իրավունքի գերակայությունն են

Հասարակություն

25.11.2026 | 10:03

ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում կմասնակցի «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով միջազգային համաժողովին։ Նա հրավեր է ստացել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարից և Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարթա Կարտաբիայից։

Համաժողովին կմասնակցեն նաև Իտալիայի և Ավստրիայի սահմանադրական դատարանների նախագահները, ՄԻԵԴ դատավորներ, Վենետիկի հանձնաժողովի և եվրոպական այլ կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչներ։

Սահմանադրական դատարանի հաղորդագրությունը՝ ստորև․

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Մատիաս Գույոմարի և Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն՝ իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) նախագահ Մարթա Կարտաբիայի հրավերով ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Վարդանյանը 2026 թվականի նոյեմբերի 26-ին Ստրասբուրգում (Ֆրանսիայի Հանրապետություն) կմասնակցի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի, Ստրասբուրգի քաղաքական հետազոտությունների ինստիտուտի և Հանրային ծառայության ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված՝ «Ժողովրդավարություն, իրավունքի գերակայություն և իշխանությունների տարանջատում» խորագրով համաժողովի աշխատանքներին։

Մասնակիցների թվում են Իտալիայի, Ավստրիայի Հանրապետությունների սահմանադրական դատարանների նախագահները, Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը, դատավորները, Վենետիկի հանձնաժողովի նախագահը և այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք»։

Leave a comment