«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Նոյեմբերի 23-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Վիկտոր Բիյագովը հետ է կանչվել Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի և Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցչի պաշտոններից։
Բիյագովը դիվանագիտական համակարգում երկարամյա աշխատանքային ուղի է անցել։ Նրա կենսագրությունը ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ նա շուրջ երեք տասնամյակ աշխատել է Հայաստանի արտաքին գործերի համակարգում՝ զբաղեցնելով տարբեր պաշտոններ ինչպես Երևանում, այնպես էլ արտերկրում։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է, թե ինչ ճանապարհ է անցել Վիկտոր Բիյագովը դիվանագիտական համակարգում, ինչպես նաև ինչ ունեցվածք և ֆինանսական միջոցներ է հայտարարագրել։
Կենսագրությունը և դիվանագիտական ուղին․
Վիկտոր Բիյագովը ծնվել է 1972 թվականի մարտի 8-ին՝ Երևանում։ 1988-1994 թվականներին սովորել է Երևանի Վ. Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտի պատմության և անգլերեն լեզվի ֆակուլտետում։
1995 թվականին Հաագայի «Քլինգենդալ» միջազգային հարաբերությունների ինստիտուտում մասնակցել է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների երիտասարդ դիվանագետների համար նախատեսված դասընթացին, իսկ 1996-1998 թվականներին ուսումը շարունակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում՝ միջազգային հարաբերությունների ֆակուլտետում։
2004 թվականին վերապատրաստում է անցել ՆԱՏՕ-ի պաշտպանական քոլեջում՝ Հռոմում, իսկ 2016 թվականին նույն հաստատությունում մասնակցել է գեներալների և դեսպանների համար նախատեսված դասընթացին։
Բիյագովի աշխատանքային գործունեությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությունում սկսվել է 1994 թվականին։ Սկզբում նա աշխատել է նախկին ԽՍՀՄ և ԱՊՀ երկրների վարչության Միջինասիական երկրների բաժնում՝ որպես ռեֆերենտ։ Հետագայում զբաղեցրել է կցորդի, երրորդ և երկրորդ քարտուղարի, ապա առաջին քարտուղարի պաշտոններ։
2000-2002 թվականներին աշխատել է Ռումինիայում ՀՀ դեսպանությունում՝ որպես երկրորդ քարտուղար, 2005-2008 թվականներին՝ Գերմանիայում ՀՀ դեսպանությունում։ 2010-2014 թվականներին եղել է Եվրամիությունում ՀՀ ներկայացուցչության առաջին քարտուղար՝ Բրյուսելում։
2014-2018 թվականներին ղեկավարել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչությունը։ 2018-2023 թվականներին եղել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի մշտական և լիազոր ներկայացուցիչը՝ Մոսկվայում։
2023 թվականի սեպտեմբերի 4-ից մինչև 2026 թվականի նոյեմբերի 23-ը զբաղեցրել է Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը և միաժամանակ եղել Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչը։ 2025 թվականի սեպտեմբերի 10-ին նրան շնորհվել է արտակարգ և լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան։
Անշարժ գույք․
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Բիյագովի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը և պարզել, որ նրա անունով հայտարարագրված է երկու բնակարան՝ Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում։
Առաջին բնակարանը նա ձեռք է բերել դեռևս 1999 թվականի մարտի 15-ին՝ գնման եղանակով։ Երկրորդ բնակարանը ձեռք է բերել 2025 թվականի մայիսի 6-ին՝ ժառանգությամբ։
Տրանսպորտային միջոց․
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաև, որ Բիյագովը հայտարարագրել է 2002 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։ Այն ձեռք է բերել 2014 թվականի ապրիլի 25-ին՝ գնման եղանակով։ Ավտոմեքենան առկա է եղել նաև 2025 թվականի տարեվերջին։
Դրամական միջոցներ և բանկային ավանդներ․
Բանկային հաշիվներում առկա գումարների մասով ևս «Ժողովուրդ» օրաթերթը ուշագրավ փոփոխություններ է արձանագրել։ 2025 թվականի սկզբին Վիկտոր Բիյագովի բանկային հաշիվներում եղել է ընդհանուր 44,798.42 եվրո, 176.58 դոլար և 1,421,403.5 դրամ։ Տարեվերջին այդ գումարները կազմել են համապատասխանաբար 597,618 եվրո, 2,053 դոլար և 2,283,138.32 դրամ։
Բացի բանկային հաշիվներից՝ նա հայտարարագրել է նաև բանկային ավանդներ։ Եթե տարեսկզբին եվրոյով ավանդներից մեկի մնացորդը զրո է եղել, ապա տարեվերջին այն կազմել է 65 հազար եվրո։
Մյուս ավանդներում տարեվերջին առկա են եղել 50 հազար ԱՄՆ դոլար, 9 հազար եվրո և 5 հազար եվրո։ Այսինքն՝ միայն հայտարարագրված բանկային ավանդները տարեվերջին կազմել են 79 հազար եվրո և 50 հազար ԱՄՆ դոլար։ Կանխիկ դրամական միջոցները ևս փոփոխվել են. եթե տարեսկզբին Բիյագովը հայտարարագրել էր 1000 եվրո, ապա տարեվերջին՝ 400 եվրո։
«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրեց նաև նրա եկամուտները և արձանագրեց, որ 2025 թվականի ընթացքում Բիյագովի ընդհանուր եկամուտները կազմել են 41 միլիոն 799 հազար 929 դրամ 87 լումա։
Եկամուտներ․
Հայտարարագրի համաձայն՝ Բիյագովը ժառանգության կարգով ստացել է 16 միլիոն 614 հազար 549 դրամի եկամուտ։
Աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումների տեսքով ՀՀ արտաքին գործերի նախարարությունից ստացել է երեք փոխանցում՝ 661 հազար 849 դրամ, 20 միլիոն 625 հազար 996 դրամ և 3 միլիոն 607 հազար 366 դրամ։
Բացի այդ, բանկային ավանդների և տրված փոխառությունների դիմաց ստացել է տոկոսային եկամուտներ։ Մասնավորապես՝ ABN AMRO բանկից՝ 224 հազար 665 դրամ 87 լումա, Հայէկոնոմբանկից՝ 40 հազար 333 դրամ, իսկ Ակբա բանկից՝ 25 հազար 171 դրամ։