Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնում է․
««ՀԱՅ ԱՍՊԵՏԸ» ՀԱՂԹԵԼ Է ՆԱԵՎ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ․ ԴՊՐՈՑԻՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՉԻՆ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԴԱՍԱԳԻՐՔՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է ԿԳՄՍ նախարարի վերաքննիչ բողոքը և անփոփոխ է թողել «Հայ ասպետ» կրթադաստիարակչական բարեգործական հիմնադրամի և ուսուցիչ Տիգրան Գրիգորյանի օգտին կայացված վճիռը։
Հիշեցնենք՝ 2023 թվականի օգոստոսին նախարար Ժաննա Անդրեասյանը 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» առարկայի համար երաշխավորել էր երկու դասագիրք։ Դպրոցներն ու ուսուցիչները կարող էին ընտրել Աշոտ Ղուկասյանի և Ա․ Տերյանի համահեղինակած կամ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած դասագիրքը։
Մինչդեռ սեպտեմբերի 6-ին՝ արդեն ուսումնական տարվա սկզբին, նախարար ը թիվ 1749-Ա/2 հրամանով ցանկից հանել է Ղուկասյանի և Տերյանի դասագիրքը։ Դպրոցներին ու ուսուցիչներին մնացել է միայն մեկ տարբերակ՝ Սմբատ Հովհաննիսյանի դասագիրքը (այսուհետ՝ Սկանդալային դասագիրք)։
Իսկ ի՞նչ էր կարդում յոթերորդ դասարանցին այդ դասագրքում։ Մեջբերեմ հայերի ծագմանը վերաբերող հատվածը՝
«Հայերի ծագման և վաղնջական պատմության հարցն ամենաշատ քննարկված հարցերից է. ժողովրդի ձևավորման վերաբերյալ կան մի քանի առասպելներ և տեսություններ։ Բալկանյան տեսության համաձայն հայերի նախնիներն են բալկաններից Հայկական լեռնաշխարհ գաղթած փռյուգիացի գաղութարարները։ Հայերի ծագման մասին մեկ այլ տեսակետ հիմնված է Պատմահայր Խորենացու հաղորդած առասպելի վրա։ Այս մոտեցումը ենթադրում է հայ ժողովրդի՝ հիմնականում տեղական ձևավորման վարկածը»։
Ուշադրություն դարձրեք բառերի ընտրությանը։ Բալկաններից գաղթի վարկածը երեխային ներկայացվել է որպես տեսություն՝ գիտական գիտելիքի ձև, իսկ հայերի տեղական ծագման մասին խոսելիս շեշտվել է առասպելը՝ բանահյուսական ժանրը։
Ի՞նչ տպավորություն կարող էր ստանալ յոթերորդ դասարանցին այս երկու ձևակերպումներից։ Իմ գնահատմամբ՝ նման շարադրանքն ինքնին երեխային մղել է ավելի արժանահավատ համարելու այն վարկածը, թե իր նախնիները Հայկական լեռնաշխարհ են եկել Բալկաններից։
Հատկանշական է, որ հայերի բալկանյան ծագման վարկածը նախկինում հերքվել է:
Դեռևս 2021 թվականի դեկտեմբերի 22-ին՝ դասագրքի լույսընծայումից առաջ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան հրապարակել էր Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հնագույն ու ժամանակակից բնակչության ԴՆԹ-ի համեմատական ուսումնասիրության արդյունքները։ ԳԱԱ-ն արձանագրել էր, որ այդ արդյունքները հերքում են հայ ժողովրդի ծագման «բալկանյան վարկածը»։
Տես՝ https://www.sci.am/gitardyunqnerview.php?arch=0&id=19…
Միջազգային գենոմային հետազոտության հեղինակները համադրել են Հայկական լեռնաշխարհի և Բալկանների հին ու ժամանակակից բնակչության գենետիկական տվյալները և եզրակացրել, որ դրանք հիմք չեն տալիս հայերին համարելու Բալկաններից գաղթած փռյուգիացիների ժառանգներ:
Այդպիսի հետազոտություն տես նաև այս աղբյուրով (ScienceDirect-ը Elsevier հրատարակչության հարթակում)՝
https://www.sciencedirect.com/…/pii/S0002929724003914…
Պարզ հարց է ծագում, ինչ նպատակ են հետապնդում սկանդալային դասագրքի հեղինակները և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մեզ տանելով «բալկաններ»:
Մեկ այլ օրինակ է նույն դասագրքի 80-րդ էջի քարտեզը։ Քրիստոսից առաջ 80 թվականի Տիգրան Մեծի տերությունը ներկայացնող քարտեզի վրա նշվել են նաև ժամանակակից Ադրբեջանի և Թուրքիայի անունները։ Հին աշխարհի քարտեզի վրա այդ անվանումները տեսնող աշակերտը կարող էր կարծել, թե այդ պետությունները գոյություն են ունեցել դեռևս Տիգրան Մեծի օրոք։
Դժվար է պատկերացնել, թե մեր հարևան թուրք և ադրբեջանցի պատմաբաններն իրենց համար ավելի նպաստավոր ի՞նչ պատկեր կարող էին առաջարկել հայ դպրոցականին։
Եվ հենց այս պայմաններում է նախարարը դպրոցներին ու ուսուցիչներին զրկել այլընտրանքից։
Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նախարարությունը նախաձեռնել էր Ղուկասյանի և Տերյանի դասագրքի կրկնակի փորձաքննություն, թեև որևէ նորմատիվ իրավական ակտ չէր սահմանում դրա անցկացման կարգն ու պայմանները։ Նախարարությունը վկայակոչել էր դասագրքի գիտական համապատասխանության վերաբերյալ բողոքներ, իսկ դատարանում ներկայացրել է երեք անստորագիր «դիմում»։
Վերաքննիչ դատարանը հաստատել է, որ նախարարի հրամանն ընդունվել է իրավական պահանջների խախտմամբ»։