Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով

Քաղաքականություն

24.11.2026 | 21:50

Վրաստանը նպաստում է վստահության ամրապնդմանը և Հարավային Կովկասում նոր իրողությունների ձևավորմանը՝ ապահովելով Ադրբեջանից Հայաստան բեռների, այդ թվում՝ նավթամթերքի տարանցումը։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Բաքվում Վրաստանի իր գործընկեր Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ անցյալ տարվանից Ադրբեջանը թույլատրել է դեպի Հայաստան ուղևորվող բեռների տարանցումը։ Բացի այդ, անցյալ տարվա վերջին՝ երկարատև դադարից հետո, սկսվել են ադրբեջանական մի շարք ապրանքների, առաջին հերթին՝ նավթամթերքի մատակարարումները Հայաստան։ Փոխադրումներն իրականացվում են Վրաստանի տրանսպորտային համակարգով։

«Մենք կարծում ենք, որ այս կերպ Վրաստանը ներդրում է ունենում վստահության ամրապնդմանը և Հարավային Կովկասում նոր իրողությունների ձևավորմանը։ Օգտվելով առիթից՝ մեր երկրի անունից կցանկանայի ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել հարգարժան գործընկերոջս»,- նշել է Բայրամովը։

Նա նաև ընդգծել է երկու երկրների տրանսպորտային համագործակցության նշանակությունը Արևելք–Արևմուտք միջին միջանցքի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ վերջին տարիներին այդ երթուղու նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է, իսկ փոխադրվող բեռների ծավալը տարեցտարի ավելանում է։ Բայրամովը 2026 թվականի կարևոր իրադարձությունների թվում նշել է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի թողունակության ավելացման աշխատանքների ավարտը և դրա պաշտոնական ընդունումը։

Բացի այդ, Վրաստանի ԱԳ նախարարին տեղեկություններ են ներկայացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment