Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը․ Կարեն Հեքիմյան

Իրավապաշտպան  Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոր Հայաստանում չի բացառվում Սահմանադրության ընդունման «ճապոնական» տարբերակը:

Երկրորդ համաշխարհային պատերազմում պարտվելուց հետո, Ճապոնիան հայտնվեց ԱՄՆ-ի և վերջինիս դաշնակիցների փաստացի օկուպացիայի ներքո: Օկուպացիոն վարչակազմը պահանջեց մշակել Ճապոնիայի նոր Սահմանադրություն։ Դաշնակից պետությունները պահանջում էին, որ Սահմանադրությամբ ամրագրվի Ճապոնիայի` պատերազմ վարելու նպատակով, զինված ուժերից հրաժարվելու սկզբունքը: Ըստ էության, Ճապոնիայից պահանջվում էր հրաժարվել սեփական բանակ ունենալու իրավունքից:
Սկզբից Ճապոնիայի օրվա իշխանությունը փորձեց ինքնուրույն մշակել Սահմանադրության նախագիծ, որը, սակայն, մերժվեց ԱՄՆ-ի կողմից։ Այնուհետև, տեղի ունեցավ նախկինում չլսված իրադարձություն` նոնսենս: 1946 թվականի փետրվարին պաշտոնական Վաշինգտոնն ամերիկացի զինվորականներից և քաղաքացիական մասնագետներից խումբ ձևավորեց և վերջինիս հանձնարարեց Ճապոնիայի նոր Սահմանադրություն գրել: Ընդ որում, Սահմանադրություն գրելու համար խմբին մեկ շաբաթ ժամանակ տրվեց:
Անցել է 80 տարի: Ճապոնիայի այդ Սահմանադրությունը մինչ օրս գործում է և անընդհատ քննարկումների և բողոքների առիթ է հանդիսանում:

Այլևս գաղտնիք չէ, որ Նոր Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումն Ադրբեջանի պահանջն է: Հայաստանի օրվա իշխանությունը հանրությանը ներկայացրել է նոր Սահմանադրության նախագիծ: Իսկ ո՞վ ասաց, որ այն այնպես, ինչպես Ճապոնիայի դեպքում, չի պատրաստվել օտարերկրյա զինվորականների և քաղաքացիական անձանց խմբի կողմից ընդամենը մեկ շաբաթում: Եվ, այս պարագայում, կարևոր չէ լա՞վն է Սահմանադրությունը, թե՞ վատը:

Խնդիրն այլ է: Կարելի՞ է արդյոք Սահմանադրությունը համարել ազգային, եթե դրա ընդունման պահանջն աներկբա հնչել է, իսկ նախնական նախագիծը ենթադրաբար մշակվել է օտարերկրյա պետության իշխանության ներկայացուցիչների կողմից»։

 

 

 

 

Leave a comment