Բայրամովը՝ ԹՐԻՓ նախագծի մասին | armlife.am

Տարվա ընթացքում ԱՄՆ-ի և Հայաստանի միջև բանակցություններ են ընթացել TRIPP նախագծի շուրջ, որն անցնում է Հայաստանի տարածքի 42 կիլոմետրանոց հատվածով։ Մենք ցանկանում ենք, որ նախագիծն ավարտին հասցվի հնարավորինս կարճ ժամկետներում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։ «Այս նախագիծը մի քանի պատճառներով կարևոր է Ադրբեջանի համար։ Նախ՝ TRIPP-ի միջոցով կապահովվի անխոչընդոտ հաղորդակցություն Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Երկրորդ՝ այն կդառնա Արևելք-Արևմուտք միջին միջանցքի նոր հատվածը, որը լրացուցիչ հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի բոլոր երկրների համար։ Ընդհանուր առմամբ, դա լրացուցիչ առավելություններ կապահովի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»,- ընդգծել է ադրբեջանցի նախարարը։ Նա նաև նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային մայրուղին և Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղու նախագիծը, որի շինարարությունը սկսվել է Թուրքիայում, լրացուցիչ հնարավորություններ կստեղծեն Հարավային Կովկասում Արևելք-Արևմուտք տրանսպորտային միջանցքի համար։ «Այս տեսանկյունից բազմաթիվ այլընտրանքային երթուղիների առկայությունը դրական ազդեցություն է ունենում տարածաշրջան լրացուցիչ բեռնահոսքեր ներգրավելու վրա»,- ասել է նա։ Բայրամովը կարևոր արդյունք է համարել այս տարի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու վրացական հատվածի թողունակության ավելացման աշխատանքների ավարտը։ Նա հայտնել է, որ Թուրքիայում սկսվել է 224 կմ երկարությամբ Կարս-Իգդիր-Դիլուջու երկաթուղու շինարարությունը։ «Միևնույն ժամանակ, Ադրբեջանն աշխատանքներ է իրականացնում մինչև Հայաստանի սահման նոր երկաթուղային գծեր կառուցելու, ինչպես նաև Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում գործող երկաթուղու վերականգնման և որակի բարձրացման ուղղությամբ»,- հավելել է Բայրամովը։ Նա ընդգծել է, որ այս տրանսպորտային կապերը Հարավային Կովկասում կդառնան Արևելք-Արևմուտք միջանցքի լրացուցիչ օղակ՝ հնարավորություն տալով ավելի անխոչընդոտ բեռներ փոխադրել տարբեր ուղղություններով։

Leave a comment