Եթե Թրամփին մինչև տարեվերջ չհաջողվի. Զելենսկին դիմելու է ԱՄՆ նոր Կոնգրեսին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր է դիմել ԱՄՆ Կոնգրեսի նոր կազմին՝ ռազմական օգնության լայնածավալ փաթեթ տրամադրելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցները խստացնելու խնդրանքով։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն՝ հղում անելով Bloomberg գործակալությանը, այս մասին նա հայտարարել է վերջինիս տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով՝ Կիևն ակնկալում է նման աջակցություն այն դեպքում, եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին մինչև տարեվերջ չհաջողվի համոզել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին դադարեցնել հակամարտությունը։ Ուկրաինայի ղեկավարը նշել է, որ աջակցության մակարդակն ու պատժամիջոցները պետք է բավարար լինեն՝ ռուսական կողմին հստակ ազդակ հղելու համար, որ ժամանակն է նստել բանակցությունների սեղանի շուրջ և ավարտել պատերազմը։

Նա նաև կոչ է արել դաշնակիցներին ավելացնել Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի որսող հրթիռների մատակարարումները՝ խնդրելով ապահովել Ուկրաինայի կարիքները առնվազն ամբողջ դեկտեմբերի համար։ Զելենսկին բացատրել է, որ դա անհրաժեշտ է, քանի որ ինքը դեռ հույս ունի հունվարին կամ փետրվարին նոր մոտեցում գտնել Կոնգրեսի նոր կազմի հետ։ Նախագահի տեղեկություններով՝ Patriot-ի համար 48 հրթիռի մատակարարումը հետաձգվում է, քանի որ համապատասխան փաթեթը դեռ չի հաստատվել ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթի կողմից, իսկ նույնիսկ այդ խմբաքանակը ստանալուց հետո հրթիռների պակասը կմնա էական։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment