Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մեկ օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ․ Հասմիկ Ենգոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ իշխանությունների կողմից շրջանառվող Սահմանադրության փոփոխության նախագիծը ընդդիմության խիստ քննադատության թիրախում է հայտնվել: Ազգային ժողովի «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հասմիկ Ենգոյանը Factor TV-ի եթերում հայտարարել է, որ գործընթացն ուղղակիորեն թելադրված է Բաքվից։

«Սա Սահմանադրության նախագիծ չէ, այլ՝ Ալիևի պահանջի կատարում, հանվել է Անկախության հռչակագրին հղումը»,- շեշտում է Ենգոյանը։ Նա հռետորական հարց է հնչեցնում պաշտոնական Երևանի հասցեին և ընդգծում դիվանագիտական ասիմետրիան․ «Ինչո՞ւ ՀՀ-ն Ադրբեջանից չի պահանջում իր Սահմանադրությունից հանել ՀՀ-ի տարածքի մեծ մասի նկատմամբ հավակնությունը»։

Անդրադառնալով իշխանությունների այն պնդումներին, թե ընդդիմադիր ուժերն զբաղված են խաղաղության պրոցեսը տորպեդահարելով, և վերջին խոչընդոտն են մնացել խաղաղության պայմանագրին ընդառաջ, Ենգոյանը նշում է․ «Մենք պատերազմի կուսակցություն չենք, ասում ենք՝ մեր օրոք ուժեղ պետություն կլինենք, որը ճիշտ կբանակցի և ուժեղ խաղաղություն կբերի՝ առանց զիջումների»։ Ըստ Ենգոյանի՝ խաղաղության պայմանագիր հնարավոր է կնքել առանց պետականության հիմքերը խարխլելու. «Եթե մենք իշխանության լինենք՝ առանց Անկախության հռչակագրին հղումը հանելու Ադրբեջանի հետ պայմանագիր կկնքենք, ուժեղ պետությունը կհաստատի ուժեղ պայմանագիր»։

Նոր Սահմանադրության ընդունման պրոցեսում ընդդիմադիր գործիչը տեսնում է նաև ներքին վտանգներ՝ ուղղված դատական իշխանության անկախության դեմ։ «Փորձ է արվում՝ դատական համակարգը ենթարկեցնել իշխանությանը, սահմանադրությամբ կմաղեն արժանապատիվ դատավորներին, որոնք չեն ենթարկվում իշխանությանը։ ԱԺ-ի ձևավորած հանձնաժողովը քննության է ենթարկելու դատավորներին և որոշելու՝ նրանց լավ ու վատ լինելը»,- ասում է պատգամավորը։ Նա նաև քաղաքական հետապնդում է համարում իրենց առաջնորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ այն կապելով հանրաքվեին ընդառաջ իրականացվող ճնշումների հետ. «Սամվել Կարապետյանը կալանավորվել է, քանի որ հստակ ասել է՝ ՈւՀ-ն չի քվեարկի ալիևյան սահմանադրությանը կողմ»։

Խոսելով սպասվող հանրաքվեի և քաղաքական դաշտի վերադասավորումների մասին՝ «Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամի խոսքով դիմադրության լայն ճակատ է ձևավորվելու, որպեսզի թույլ չտրվի նախորդ ընտրությունների սխալի կրկնությունը. «Ընդդիմադիր ողջ դաշտը միավորվել է՝ ալիևյան սահմանադրությանը «Ոչ» ասելու։ Հունիսի 7-ին ձայները փոշիացան, որի արդյունքում ՔՊ-ն կառավարություն ձևավորեց։ Հիմա կա կոնսենսուս գաղափարապես միավորվելու և իրար չխանգարելու, լիահույս եմ՝ ժողովուրդը ևս կմիավորվի»։

Այնուամենայնիվ, պատգամավորը թերահավատ է, որ հանրաքվեում տապալվելու դեպքում գործող կառավարությունը կհեռանա։ «Վստահ չենք, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա՝ հանրաքվեում «Ոչ»-ի հաղթանակի դեպքում․ մի օր մի բան է ասում, հաջորդ օրը՝ այլ բան»։ Չնայած այս անորոշությանը՝ Ենգոյանը հավաստիացնում է, որ իրենք պատրաստ են ցանկացած զարգացման, այդ թվում՝ նոր ընտրությունների։

«Արտահերթից չենք վախենում․ լիահույս եմ՝ ընտրողը կհասկանա, որ երկիրը տապալումից փրկելու հարց է, ընդդիմությանը շատ ձայներ կտա, որ իշխանությունը բավարար թվով ձայներ չի ստանա»,- եզրափակում է Հասմիկ Ենգոյանը։

Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան

Leave a comment