«Слово пацана» 18+ սերիալը՝ որպես տնային առաջադրանք․ ի՞նչ է գրված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում

Սոցիալական ցանցերում տարածվում է գրառում, համաձայն որի՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից երաշխավորված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքում աշակերտներին հանձնարարվում է տանը դիտել ռուսական «Слово пацана. Кровь на асфальте» սերիալի առաջին սերիան և գրավոր կարծիք ներկայացնել դրա վերաբերյալ։

Factor.am-ը ստուգել է տարածվող տեղեկությունը և պարզել, որ գրառման հիմնական փաստական պնդումները համապատասխանում են իրականությանը։ 

«Ռուսաց լեզու 9» դասագիրքը հրատարակվել է 2025 թվականին «Մանմար» հրատարակչության կողմից։ Դասագրքի հեղինակներն են Տ․ Բաբայանը, Մ․ Եղիազարյանը և Ս․ Սամուելյանը։

Դասագրքի էլեկտրոնային տարբերակը հասանելի է Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի կողմից գործարկված «Հայկական կրթական միջավայր» պորտալի «Պաշարների շտեմարան» կայքում։

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնն, իր հերթին, գործում է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ։

Դասագրքի 143-րդ էջի 17-րդ առաջադրանքում գրված է․

«Дома посмотрите первую серию фильма «Слово пацана. Кровь на асфальте». Напишите ваш отзыв об этом фильме. О чём он заставил вас задуматься?»

Հայերեն թարգմանությամբ՝ «Տանը դիտեք «Слово пацана. Кровь на асфальте» ֆիլմի առաջին սերիան։ Գրեք ձեր կարծիքը ֆիլմի մասին։ Ինչի՞ շուրջ այն ստիպեց ձեզ մտածել»։

Սերիալը դիտելու հանձնարարությունը ներառված է «Օրենքներ, իրավունքներ և պարտականություններ» («Законы, права и обязанности») դասի շրջանակում։

Դասագրքում որևէ նշում չկա այն մասին, որ առաջադրանքն ընտրովի է։ Բացակայում է նաև սերիալի տարիքային սահմանափակման մասին զգուշացումը։

Այդ բաժնում նշված նպատակների համաձայն՝ այս թեմայի ուսումնասիրության ընթացքում աշակերտները պետք է ծանոթանան անչափահասների իրավունքներին և պարտականություններին, գիտակցեն հակաիրավական վարքագծի հետևանքները և սովորեն գնահատել սեփական գործողությունների հետևանքները։

Այս համատեքստից կարելի է ենթադրել, որ սերիալի ընտրությունը պայմանավորված է եղել անչափահասների հակաիրավական վարքագծի հետևանքները քննարկելու նպատակով։

Հատկանշական է, որ դասագրքի այս բաժնում անդրադարձ է կատարվում նաև 14 տարին լրացած անչափահասների աշխատանքային իրավունքներին և քրեական պատասխանատվությանը, մինչդեռ նույն դասի շրջանակում աշակերտներին հանձնարարվում է դիտել 18+ տարիքային սահմանափակում ունեցող սերիալ։

18+ տարիքային սահմանափակում

«Слово пацана. Кровь на асфальте» սերիալը 2023 թվականին թողարկված, ութ սերիայից բաղկացած ռուսական քրեական դրամա է։

Սերիալի գործողությունները տեղի են ունենում 1980-ականների վերջին և պատմում են փողոցային հանցավոր խմբավորումների, դրանցում դեռահասների ներգրավվածության ու բռնության մասին։

Սերիալում առկա են ֆիզիկական բռնության, ծեծկռտուքների և անչափահասների նկատմամբ բռնության տեսարաններ։ Բռնության դրվագներ առկա են նաև հենց առաջին սերիայում, որը հանձնարարվում է դիտել աշակերտներին։

«Ռոստելեկոմ» ընկերության պաշտոնական կայքում 2023 թվականի հոկտեմբերի 20-ին հրապարակված հաղորդագրության մեջ հստակ նշված է սերիալի տարիքային սահմանափակումը՝ 18+։

Նույն տարիքային սահմանափակումն առկա է նաև սերիալի պրեմիերայի պաշտոնական հարթակներից մեկում՝ Wink առցանց կինոհարթակում։ 

ԿԳՄՍՆ-ն երաշխավորել է դասագիրքը

Դասագրքի երկրորդ էջում նշված է, որ այն երաշխավորված է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից։

Նույն էջում որպես մանկավարժ-մեթոդիստ նշված է Հասմիկ Մարգարյանը, իսկ հեղինակային իրավունքի կրողների թվում՝ նաև ԿԳՄՍ նախարարությունը։

Factor.am-ը կապ հաստատեց ԿԳՄՍՆ լրատվական ծառայության հետ, այնտեղից հայտնեցին որ, այս պահին ահազանգը ստացել են և մասնագիտական համապատասխան բաժինների կողմից քննարկվում է հարցը։

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2025 թվականի մայիսի 12-ի N 1069-Ա/2 հրամանով հաստատված՝ գործածության երաշխավորված դասագրքերի ցանկում ընդգրկված է նաև «Մանմար» հրատարակչության «Ռուսաց լեզու 9» դասագիրքը։ Դրա գործածության ժամկետի ավարտ է սահմանվել 2029 թվականը։

ՀՀ ԿԳՄՍ նախարարի՝ 2022 թվականի հունիսի 9-ի N 20-Ն հրամանով սահմանվում է հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը։

Կարգի 35-րդ կետի համաձայն՝ դասագրքերի փորձաքննությունը ներառում է ոչ միայն ուսումնական նյութի գիտականության և պետական չափորոշչին համապատասխանության ստուգումը, այլև առարկայի բովանդակության, մեթոդական և տարիքային հոգեբանության տեսանկյունից գնահատումը։

Կարգի 37-րդ կետով հանձնաժողովի կազմում նախատեսվում է նաև մանկավարժ-հոգեբանի ներգրավվածություն։

Այնուամենայնիվ, համացանցում տարածվող գրառման հիմնական փաստական պնդումը ճիշտ է։

ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից երաշխավորված՝ 2025 թվականին հրատարակված 9-րդ դասարանի ռուսերենի դասագրքի 143-րդ էջում աշակերտներին իսկապես հանձնարարվում է դիտել «Слово пацана. Кровь на асфальте» ռուսական քրեական սերիալի առաջին սերիան և գրավոր կարծիք ներկայացնել դրա վերաբերյալ։

Սերիալը, այդ թվում՝ դիտման համար հանձնարարված առաջին սերիան, պաշտոնական տարածման հարթակում դասակարգված է որպես 18+ բովանդակություն։

Մարիա Խաչատրյան

Leave a comment