Լրագրողների հետ հանդիպման ընթացքում Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձան Սև ծովում տիրող անվտանգային իրավիճակին, դրա տնտեսական հետևանքներին, ինչպես նաև Հայաստանի և Ռումինիայի միջև ապրանքաշրջանառության այլընտրանքային ցամաքային երթուղուն։
Ռումինիայի նախագահը նշեց, որ Սև ծովում անվտանգային լարվածությունն անմիջական ազդեցություն է ունենում առևտրային հարաբերությունների և բեռնափոխադրումների վրա։
«Անվտանգային իրավիճակը իրականում ազդում է նաև առևտրային կապերի և հարաբերությունների վրա, որովհետև առնվազն ապահովագրության ծառայությունների գներն են աճում սևծովյան տարանցիկ ապրանքաշրջանառության համար, որը բնականաբար նաև ազդում է առհասարակ գների վրա, ինչպես նաև ապախրախուսում է սևծովյան տարանցիկ բեռների փոխադրումը»,- ասաց Նիկուշոր Դանը։
Ռումինիայի նախագահն ընդգծեց, որ Սև ծովը կամուրջ է Հարավային Կովկասի և Եվրոպայի, մասնավորապես՝ Ռումինիայի միջև։ Նա հավելեց, որ Ռումինիան ակնկալում է դաշնակիցների, այդ թվում՝ Ֆրանսիայի աջակցությունը տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին անդրադարձավ Սև ծովում անվտանգային խնդիրների ազդեցությանը Հայաստանի տնտեսական և տարածաշրջանային ենթակառուցվածքային ծրագրերի վրա։
«Նույն «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, հատկապես Հարավ-Հյուսիս ուղղությամբ, շատ դժվար է պատկերացնել նրա ամբողջ պոտենցիալի իրագործումը առանց Սև ծովում լիակատար կայունության: Այսօր ուղիները, իհարկե, վտանգված են, անվտանգության խնդիր կա»,- նշեց Փաշինյանը։
Միաժամանակ վարչապետը հայտնեց, որ Հայաստանի և Ռումինիայի միջև ապրանքաշրջանառության համար այժմ առկա է այլընտրանքային ցամաքային երթուղի։
«Լավ լուրը այն է, որ մենք Ռումինիայի հետ ապրանքաշրջանառության այլընտրանքային ուղի այսօր ունենք ցամաքային, որ կարող է լիարժեք գործել: Խոսքը Հայաստան-Վրաստան-Թուրքիա և Բուլղարիա-Ռումինիա ուղղության մասին է, որը նախկինում չի եղել»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը հավելեց, որ արդեն մի քանի ամիս է՝ Թուրքիայի ճանապարհները բաց են Հայաստանից արտահանում և Հայաստան ներմուծում իրականացնելու համար։ Ըստ Փաշինյանի՝ այսպիսով հայաստանյան բիզնեսը հնարավորություն ունի օգտվելու առավել ծանոթ ցամաքային երթուղուց՝ որպես սևծովյան բեռնափոխադրումների այլընտրանք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան