Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել սահմանադրական բարեփոխման գործընթացը՝ հաջորդ տարի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ բարենպաստ քաղաքական և տեղեկատվական ֆոն ձևավորելու համար
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է օգտագործել սահմանադրական բարեփոխման գործընթացը՝ հաջորդ տարի հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ բարենպաստ քաղաքական և տեղեկատվական ֆոն ձևավորելու համար, հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքական գիտությունների դոկտոր Սերգեյ Մինասյանը։
Նոյեմբերի 23-ին հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը։
« Մեր զրույցի պահին ես դեռ չեմ ծանոթացել բուն նոր Սահմանադրության նախագծին, ուստի առայժմ վաղ է գնահատական տալ դրա բովանդակությանը։ Ակնհայտ է, որ այժմ սպասվում է հանրային քննարկման փուլ, որի ընթացքում փաստաթուղթը կարող է ստանալ որոշակի փոփոխություններ։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչպիսին կլինի դրա ընդունման վերջնական ընթացակարգը», – նշել է Մինասյանը «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ դեր կարող է խաղալ սահմանադրական բարեփոխումը Հայաստանի ներքաղաքական իրավիճակում և որքանով են իրատեսական նոր Սահմանադրության նախագիծը հանրաքվեի դնելու հեռանկարները՝ հաշվի առնելով ընդդիմության դիրքորոշումը։
Նրա խոսքով՝ իրավիճակի հետագա զարգացումը մեծապես կախված կլինի իշխանությունների և ընդդիմության հետագա դիրքորոշումից։
Մինասյանը հիշեցրել է, որ գործող Սահմանադրության համաձայն՝ հանրաքվե անցկացնելու որոշում կայացնելու համար իշխող ուժին չի բավականացնում պատգամավորների վեց ձայն։
« Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանն ունի իրադարձությունների զարգացման մի քանի տարբերակ։
Առաջինը՝ համոզել ընդդիմության ներկայացուցիչներին՝ պաշտպանել նախաձեռնությունը։ Սակայն հավանականությունը, որ ընդդիմությունը կաջակցի նախագծին ներկայիս քաղաքական կոնֆիգուրացիայում, ինձ ոչ բարձր է թվում։ Երկրորդը՝ գտնել այլ քաղաքական մեխանիզմներ, որոնք թույլ կտան ստանալ ձայների անհրաժեշտ քանակը հենց ընդդիմության ներսում», – պարզաբանել է քաղաքագետը։
Ընդ որում, ինքը՝ Մինասյանը, հակված է այն կարծիքին, որ այս տարբերակներից ոչ մեկը չի իրագործվի։
«Նման դեպքում առավելագույնը, ինչին կկարողանա հասնել Փաշինյանը, իր համար առավել բարենպաստ քաղաքական և տեղեկատվական ֆոն ձևավորելն է ներկա փուլում։ Ցույց տալ, որ ինքը պատրաստ էր գնալ հնարավոր բոլոր փոխզիջումների ընդդիմության հետ՝ հանուն սահմանադրական հանրաքվեի անցկացման։ Եվ քանի որ դա չստացվեց, հաջորդ տարի այդ տեղեկատվական և քաղաքական ֆոնի վրա փորձել անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ և այդ կերպ ստանալ անհրաժեշտ սահմանադրական մեծամասնությունը », – եզրափակել է փորձագետը։
Հանրաքվեի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 20-ին հայտարարել էր, որ արդարադատության նախարարությունը նոյեմբերի 23-ին կհրապարակի նոր Սահմանադրության նախագիծը։ Նա խորհրդարանական ընդդիմությանն առաջարկել էր ապահովել հանրաքվե անցկացնելու համար անհրաժեշտ վեց ձայները և պատրաստակամություն հայտնել հրաժարական տալու, եթե քաղաքացիները դեմ քվեարկեն նոր Մայր օրենքի ընդունմանը։
Սահմանադրության փոփոխության հարցը շարունակում է մնալ հայ-ադրբեջանական օրակարգի տարաձայնություններից մեկը։ Բաքուն Հայաստանի գործող Սահմանադրության մեջ տեսնում է դրույթներ, որոնք կարող են մեկնաբանվել որպես տարածքային պահանջներ Ադրբեջանի նկատմամբ, և դրանց վերացումը կապում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հետ։ Երևանն ընդգծում է, որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է և չի կարող իրականացվել այլ պետության պահանջով։ Ընդդիմադիր «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցությունները հանդես են գալիս իշխանությունների նախաձեռնած սահմանադրական գործընթացի դեմ՝ այն կապելով Ադրբեջանի պահանջների հետ։
Հարցազրույցն ամբողջությամբ կարելի է կարդալ հղումով։