Երեխաների նկատմամբ բռնության դեպքից հետո ի՞նչ քայլեր է ձեռնարկելու ՄԻՊ-ը

Արարատի մարզի Տափերականի միջնակարգ դպրոցում օրեր առաջ արտառոց դեպք էր տեղի ունեցել։

Ստացված տեղեկությունների համաձայն՝ դասարանում երեխաներին լուռ պահելու նպատակով ուսուցչուհին՝ Վարդանյանը, կպչուն ժապավենով՝ սկոտչով, փակել է 10-15 աշակերտի բերանները։ Ծնողներից մեկի խոսքով՝ այս պահին հայտնի չէ, թե որքան ժամանակ են երեխաները մնացել նման վիճակում։ Առաջին դասարանի ուսուցչուհու նկատմամբ մի շարք խափանման միջոցներ են ընտրվել, իսկ վերջինս իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։

 

Այսօր էլ մեկ այլ նմանատիպ դեպք է ի հայտ եկել․ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանրակրթական դպրոցի առաջին դասարանի դասվարը 2023 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հոգեկան ուժեղ տառապանք է պատճառել նույն դասարանի աշակերտին։

 

Դասվարի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Քննչական կոմիտեից MediaHub-ին հայտնել են, որ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

 

Իսկ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Մարդու իրավունքների պաշտպանը՝ երեխաների իրավունքների և շահերի պաշտպանության ուղղությամբ։

 

ՄԻՊ աշխատակազմից MediaHub-ին հայտնել են, որ դեպքի վերաբերյալ տեղեկատվությունն ստանալուց անմիջապես հետո պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն։

  

«Արարատի մարզի Տափերականի միջնակարգ դպրոցում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը ստանալուց անմիջապես հետո ՄԻՊ-ի հանձնարարությամբ ուսումնասիրություն է սկսվել տվյալ դեպքի հետ կապված։ Նման և նմանատիպ դեպքերում պաշտպանն ուսումնասիրում է ստացված տեղեկատվությունը, և անհրաժեշտության դեպքում պաշտպանի հանձնարարությամբ պարզաբանումներ են պահանջվում իրավասու մարմիններից։ Ուսումնասիրությունների արդյունքներով, ըստ անհրաժեշտության, պաշտպանն իրավասու մարմիններին ներկայացնում է բացահայտված խնդիրներն ու առաջարկությունները՝ հետագայում դրանք լուծելու և նման դեպքերը կանխելու նպատակով։ Որևէ դեպք, որը տեղի է ունենում, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուշադրությունից չի վրիպում։ Բոլոր դեպքերը դառնում են ուսումնասիրության առարկա, և ուսումնասիրությունն իրականացվում է պաշտպանի անմիջական հսկողության ներքո»,- հայտնեցին ՄԻՊ աշխատակազմից։

 

Ալիտա Եղիազարյան

Leave a comment