Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Պավել Կուզնեցովին։
Այս քայլը հաջորդել է նոյեմբերի 21-ին ռուսական ուղղաթիռի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման դեպքին։
Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հյակկյանենը հայտարարել է, որ օդային տարածքի հնարավոր խախտումը կարող է կապված լինել փրկարարական գործողության կամ Ֆիննական ծոցում վնասվածք ստացած բեռնանավի մշտադիտարկման հետ։
Նոյեմբերի 21-ին Լենինգրադի մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն հայտնել էր երկու անօդաչու թռչող սարքերի՝ մի բեռնանավի վրա հարձակման մասին, որը Ֆիննական ծոցով ընթանալիս է եղել դեպի Կալինինգրադ։ Միջադեպը տեղի է ունեցել միջազգային ջրերում՝ Ռուսաստանի սահմանից երեք ծովային մղոն հեռավորության վրա։ Նոյեմբերի 24-ին Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը հայտարարեց, որ նավը հաջողությամբ քարշակվել է Ֆիննական ծոցից դեպի Սանկտ Պետերբուրգի նավահանգստի անվտանգ կայանատեղի։