Վարկային բեռ, անհուսալի վարկեր և ֆինանսական զեղծարարություններ․ ինչ խնդիրներ է առանձնացնում ԿԲ-ն
Բաժանորդագրվեք Zarkerak.am-ի տելեգրամ ալիքին։
Կենտրոնական բանկի վերլուծությունների համաձայն՝ անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության պետական ծրագրի պայմաններին բավարարող և փաստացի աշխատող շուրջ 31 հազար վարկառուներից շուրջ 12 հազարն է օգտվել է ծրագրից։ Այս մասին Zarkerak.am-ին տեղեկացրեցին Կենտրոնական բանկից՝ հավելելով, որ ծրագրի իրականացման ողջ ընթացքում ակտիվորեն համագործակցել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարության հետ՝ քննարկելով ի հայտ եկած խնդիրները և հնարավոր բարելավման ուղղությունները:
Հիշեցնենք, որ նոյմբերի 2-ին Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ անհուսալի վարկերի հետ կապված Կառավարության ծրագիրը մոտենում է ավարտին, սակայն դրա շարունակության հարցը քննարկման փուլում է:
Անդրադառնալով բնակչության վարկավորման միտումներին և դրանցից բխող հնարավոր խնդիրներին՝ ԿԲ-ից նշեցին, որ վարկավորման ներկայիս աճը պայմանավորված է մի շարք գործոններով, որոնցից էական են բնակչության եկամուտների աճը և տարբեր վարկատեսակների, այդ թվում՝ հիփոթեքային վարկերի նկատմամբ պահանջարկի ավելացումը։
«Միաժամանակ, վարկավորման աճից բխող հնարավոր ռիսկերը գտնվում են Կենտրոնական բանկի ուշադրության կենտրոնում, և դրանց զսպման նպատակով կիրառվում է համապատասխան լայն գործիքակազմ»,-նշեցին ԿԲ-ից։
Բանկը նաև վստահեցնում է, որ սպառողների ֆինանսական ներառման խթանումը և պարտքի կառավարման դժվարությունների հաղթահարումը մշտական ուշադրության կենտրոնում է, քանի որ կա գիտակցում վարկային պարտավորությունների կատարման դժվարություններից խուսափելու կարևորություն շուրջ:
Պատասխանելով հարցին, թե հիմնականում ինչ հանգամանքերով կարող են պայմանվորված լինել այդ դժվարությունները, ԿԲ-ից նշեցին, որ դրանք կարող են կապված լինել ինչպես անձի ֆինանսական վարքագծով, այնպես էլ նրա վերահսկողությունից դուրս գտնվող գործոններով։ Դրանց թվում են աշխատանքի կորուստը, չնախատեսված ծախսերը, ֆինանսական պլանավորման դժվարությունները, միաժամանակ մի քանի վարկային պարտավորությունների առկայությունը և այլ հանգամանքներ։
«Այս ուղղությամբ հնարավոր միջոցառումների, այդ թվում՝ պարտավորությունների ներման կամ վարկային բեռի թեթևացմանն ուղղված նախաձեռնությունների նպատակահարմարությունը գնահատելիս կարևոր է հաշվի առնել դրանց ինչպես կարճաժամկետ ազդեցությունը, այնպես էլ երկարաժամկետ հետևանքներն ու հնարավոր վարքագծային ռիսկերը։ Մասնավորապես, 2018 թվականին իրականացված վարկային պարտավորությունների ներման փորձը ցույց է տվել, որ նման միջոցառումների միակողմանի կիրառումը բավարար արդյունավետություն չի ապահովել, հատկապես վարկառուների ֆինանսական վարքագծի դրական փոփոխությունների տեսանկյունից։ Հետևաբար, այս բնույթի նախաձեռնությունները պահանջում են համակողմանի գնահատում և համալիր մոտեցում»,-ասացին ԿԲ-ից։
Բանկից նաև նշում են, որ երաշխավորության ինստիտուտը վարկային պարտավորությունների արդյունավետ կատարումն ապահովող միջոցներից մեկն է։ Միաժամանակ, երաշխավորների իրավունքները պաշտպանելու և հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով Կենտրոնական բանկը սահմանել է մի շարք պահանջներ, որոնց համաձայն ֆինանսական կազմակերպությունները պարտավոր են երաշխավորներին նախապես պարզաբանել երաշխավորության պայմանները, ստանձնվող պատասխանատվությունն ու հնարավոր ռիսկերը, ինչպես նաև տեղեկացնել վարկային պարտավորությունների կատարման ուշացումների մասին։ Օրենսդրությամբ հստակեցվել են նաև երաշխավորների պատասխանատվության սահմանները։
Միևնույն ժամանակ կարևոր է, որ անձը մինչև երաշխավոր դառնալը լիարժեք գիտակցի իր ստանձնած պարտավորությունների հնարավոր հետևանքները։
«Վարկային պարտավորությունների պատասխանատու ստանձնումը և ֆինանսական ռիսկերի ճիշտ գնահատումը սերտորեն կապված են բնակչության ֆինանսական գրագիտության հետ, որի զարգացումը Կենտրոնական բանկի ռազմավարական առաջնահերթություններից է։ Թեև վերջին տարիներին այս ուղղությամբ արձանագրվել է առաջընթաց, ֆինանսական կարողությունների հետագա զարգացման անհրաժեշտությունը պահպանվում է։ «Ֆինանսական կարողությունների բարոմետր 2025» հետազոտության համաձայն՝ բնակչության ֆինանսական կարողությունների ինդեքսը կազմել է 56.5%՝ 2019 թվականի համեմատ աճելով 9.7 տոկոսային կետով։ Կենտրոնական բանկը գործընկեր կառույցների հետ իրականացնում է մի շարք նախաձեռնություններ, այդ թվում՝ ֆինանսական կրթության ինտեգրում հանրակրթական ծրագրում և տարբեր թիրախային խմբերի համար նախատեսված կրթական միջոցառումներ»,-նշեցին Կենտրոնական բանկից:
Անդրադառնալով վերջին տարիներին տարածված ֆինանսական զեղծարարություններին և դրանց արդյուքնում հիմնական տուժող խմբերի մասին հարցին՝ ԿԲ-ից նշեցին, որ դրանցից կարող են տուժել տարբեր տարիքային և սոցիալական խմբերի քաղաքացիներ։ Տարածված ռիսկերից է շարունակում մնալ խաբեության միջոցով անձնական և բանկային տվյալներին հասանելիություն ստանալը։
«Նման դեպքերը կանխարգելելու նպատակով քաղաքացիները պարբերաբար տեղեկացվում են զեղծարարական տարածված սխեմաների և պաշտպանվելու միջոցների մասին։ Բացի այդ, Կենտրոնական բանկի կողմից 2026 թվականից սահմանվել են հեռավար ֆինանսական գործառնությունների ինքնասահմանափակման գործիքների պարտադիր պահանջներ, որոնք քաղաքացիներին հնարավորություն են տալիս լրացուցիչ պաշտպանել իրենց ֆինանսական միջոցները»,-ասացին ԿԲ-ից։
Ըստ ԿԲ-ի ներկայացրած տվյալների տրամադրված հիպոտեկային վարկերի վիճակագրությունը 2024-2026 թվականի մինչև սեպտեմբերի 30-ը ընկած ժամանակահատվածի համար ունի հետևյալ պատկերը.
2024 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 31 ընկած ժամանակահտվածում հիպոտեկային վարկեր ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 292 616:
2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31 ընկած ժամանակահտվածում հիպոտեկային վարկեր ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 997 484:
2026 թվականի հունվարի 1-ից մինչև սեպտեմբերի 30 ընկած ժամանակահտվածում հիպոտեկային վարկեր ունեցող քաղաքացիների ընդհանուր թիվը կազմել է 837 339:
Տրամադրված սպառողական վարկերի համար նույն ժամանակհատվածի վիճակագրությունը պատկերն էլ հետևյալն է.
2024 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 31 ընկած ժամանակահտվածում տրամադրված սպառողական վարկերի թիվը կազմել է 3 395 621:
2025 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31 ընկած ժամանակահտվածում՝ 10 506 870:
2026 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև դեկտեմբերի 31 ընկած ժամանակահտվածում՝ 8 224 233: