Սամվել Կարապետյան. Մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը քրեակատարողական հիմնարկից հղած ուղերձում հայտարարել է, որ «օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու»։

«Բոլորդ ականատես եղաք այն ամենին, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել եմ՝ ինչպես են գործող իշխանությունները, արտաքին պարտադրանքի ներքո, մեզ ներկայացնում ալիևյան այս սահմանադրությունը։

Անձամբ իմ և մեր թիմի անունից ևս մեկ անգամ հաստատում եմ՝ անկախ բոլոր բռնաճնշումներից, քաղաքական հետապնդումներից ու կալանավորումներից՝ մեր երկրում օտարի թելադրած սահմանադրությունը չի՛ ընդունվելու։

Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, ազգային ինքնությունն ու հավատքն անսակարկելի են։ Անսակարկելի է նաև մեր հավատարմությունը ժողովրդավարական սկզբունքներին։

Սեփական երկրում բարեկեցիկ ապրելու մեր իրավունքն ու հարևանների հետ խաղաղ և արժանապատիվ հարաբերություններ կառուցելու մեր վճռականությունն անբեկանելի են։

Ո՛չ ալիևյան սահմանադրությանը: Այո՛ անկախ Հայաստանին»,-ասվում է հայտարարության մեջ:

Հրապարակվել է ՀՀ նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Այն հանրաքվեի դնելու համար պակասում է 6 ձայն: Հանրությանն ուղղված ուղերձում վարչապետը վերահաստատեց առաջարկը, որի համաձայն՝ հանրաքվեի արդյունքից է կախված լինելու նաև իր քաղաքական ապագան։ Եթե քաղաքացիները մերժեն նոր Սահմանադրությունը, նա խոստանում է անհապաղ հրաժարական տալ, իսկ «այո»-ի դեպքում՝ հաջորդ հերթական կամ արտահերթ ընտրություններին չառաջադրվել վարչապետի պաշտոնում։

Leave a comment