Սամվել Կարապետյանը կրկին դատի է տվել Փաշինյանին` պահանջելով հերքել զրպարտությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը նոր հայց է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել զրպարտությունը։ Այդ մասին ասվում է Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հայտարարության մեջ:

2026 թվականի նոյեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում Փաշինյանը հայտարարել է, թե Կարապետյանը պետական բյուջեից 9 մլրդ դրամ է գողացել և յուրացրել։ Կարապետյանի փաստաբանները վարչապետի այս պնդումը գնահատել են որպես զրպարտություն և դիմել դատարան՝ պահանջելով հրապարակայնորեն հերքել տարածված տեղեկությունը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ներկայացված հայցով պահանջվում է նաև Նիկոլ Փաշինյանից հօգուտ Սամվել Կարապետյանի բռնագանձել 6 մլն դրամ՝ որպես զրպարտության դիմաց փոխհատուցում։

Հայցվոր կողմը պահանջել է նաև դատական ծախսերի փոխհատուցում։

Կարապետյանի և Փաշինյանի միջև արդեն երեք դատական վեճ է եղել, որոնցից երկուսի դեպքում հայցվոր կողմը վարչապետն է։ 2026 թվականին Փաշինյանը երկու հայց է ներկայացրել Կարապետյանի դեմ՝ մայիսի 7-ին՝ «հալյուցինացիաներ առաջացնող սնկերի», իսկ մայիսի 25-ին՝ Կանադայում տուն ունենալու վերաբերյալ հայտարարությունների կապակցությամբ։ Երկու հայցերով էլ վարչապետը պահանջել է հրապարակայնորեն հերքել հայտարարությունները և վճարել 6-ական մլն դրամ փոխհատուցում։

Իր հերթին Սամվել Կարապետյանն այս տարվա սեպտեմբերին հայց է ներկայացրել Փաշինյանի դեմ՝ պահանջելով հրապարակային ներողություն և վիրավորանքի դիմաց 3 մլն դրամի փոխհատուցում։ Դատարան դիմելու հիմք է դարձել Փաշինյանի՝ 2026 թվականի մայիսի 29-ի հայտարարությունը, որով վարչապետը սպառնացել է, որ դատարանում դեյուրե «սունկ է կերցնելու» Սամվել Կարապետյանին։

Leave a comment