Քանի՞ վարորդ է տուգանվել առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար

Արդեն գործում է ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը։ Օրինակ՝ նոյեմբերի 15-ին 400 վարորդի նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, որից 63-ը՝ Երևանում։

Իսկ քանի՞ վարորդ է տուգանվել առանց ձմեռային անվադողերի երթևեկելու համար. MediaHub-ին ՆԳՆ-ից հայտնեցին, որ նոյեմբերի 16-ից 23-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3492 խախտում։ Երևանում հայտնաբերվել է 959 ավտոմեքենա՝ առանց ձմեռային կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերի։ «Իսկ մարզերում նույն ժամանակահատվածում պարեկները հայտնաբերել են 2937 ավտոմեքենա՝ առանց ձմեռային կամ սահմանված պահանջներին չհամապատասխանող անվադողերի»,- հայտնեցին ՆԳՆ-ից։

Հիշեցնենք՝ նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ներառյալ թեթև մարդատար և մինչև 3,5 տոննա թույլատրելի առավելագույն զանգված ունեցող բեռնատար ավտոմեքենաների շահագործումը թույլատրվում է միայն ձմեռային անվադողերով։

Մարիաննա Արամյան

Leave a comment