ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները հայտնել է, որ փորձել է համոզել Սպիտակ տան ղեկավարին «դադարեցնել հարձակումները» Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի վրա։ Այս մասին նա ասել է New York ամսագրին տված հարցազրույցում։
Ըստ Քուշների՝ թեև ինքը համակրում է Զելենսկիին, սակայն կարծում է, որ Կիևի՝ բանակցությունները հրապարակավ վարելու սովորությունը հակաարդյունավետ է։ Նա նաև նշել է, որ Ուկրաինան պետք է հասկանա, որ հակամարտության ավարտից հետո իրեն ավելի բարենպաստ ապագա է սպասվում։
Հոդվածում նշվում է, որ երբ Քուշներն ուկրաինական պատվիրակությանը տեղեկացրել է Թրամփի մտադրության մասին՝ թույլատրել դիզվառելիքի մատակարարումը պատժամիջոցների մեղմացման դիմաց, Զելենսկին անմիջապես առարկել է։ Ի պատասխան՝ Թրամփն առաջարկել է, որ Ուկրաինան «նոր նախագահ ընտրի»։ Ամսագիրն ընդգծում է, որ դիվանագիտությունն ավելի շուտ գործընթաց է, քան խնդրի լուծում, և որ այն «ի սկզբանե» հաճախ ավարտվում է անհաջողությամբ։ Այնուամենայնիվ, Քուշները պնդում է, որ ինքը ձգտում է ստեղծել հաջողության հասնելու համար անհրաժեշտ պայմաններ։
«Ես փորձեցի Զելենսկիին ցույց տալ հետևյալը. եկեք գտնենք մի տարբերակ, որի դեպքում, եթե ձեզ հաջողվի դադարեցնել պատերազմը և Ուկրաինայի համար ապահովել անվտանգության հուսալի երաշխիքներ, դուք կկարողանաք անմիջապես կենտրոնանալ տնտեսության վրա և ինքնուրույն ղեկավարել երկրի վերականգնման գործընթացը»,- ասել է Քուշները։
Ըստ նրա՝ դիվանագիտության մեջ «գլխավոր մրցանակը» ոչ թե զինադադարն է, այլ «Ռուսաստանի և Եվրոպայի միջև հարաբերությունների վերագործարկումը»։ Քուշներն հույս է հայտնել, որ բանակցությունների արդյունքում կողմերը կարող են հասնել համաձայնության «ամենաբարձր մակարդակին»։
«Գուցե կա մի ճանապարհ, որով մարդիկ կարող են խաղաղ ապրել կողք կողքի և միասին գործարարությամբ զբաղվել»,- ասել է նա։