Լեհական զինվորականները թույլտվություն ունեին ոչնչացնելու անօդաչու թռչող սարքը, բայց որոշեցին չանել դա՝ վկայակոչելով քաղաքացիական բնակչության համար վտանգը։
Նոյեմբերի 24-ի գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքը խախտել է Լեհաստանի օդային տարածքը Ուկրաինայի արևմտյան շրջանների վրա Ռուսաստանի կողմից իրականացված զանգվածային հարձակման ժամանակ․ հայտնել է պաշտոնական Վարշավան։
«Լեհական զինվորականները վերահսկել են իրավիճակը և թույլտվություն են ունեցել ոչնչացնելու օբյեկտը, սակայն, ի վերջո, նրանք որոշել են չկրակել՝ քաղաքացիական բնակչության համար հնարավոր վտանգի պատճառով»,- նշել է Լեհաստանի զինված ուժերի օպերատիվ հրամանատարությունը։
Սկզբում ռազմական հրամանատարությունը հայտարարել է, որ Լեհաստանը ակտիվացրել է իր ՀՕՊ միջոցներն ու ուժերը՝ ի պատասխան Ուկրաինայի տարածքում Ռուսաստանի կողմից իրականացված հարվածների։
«Կապված Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում գտնվող թիրախների դեմ օդային հարձակման միջոցների միջոցով իրականացված հարվածների հետ, ակտիվացվել են Լեհաստանի ՀՕՊ համակարգի համապատասխան ուժերն ու միջոցները», – ասվում է հայտարարության մեջ։
Ընդգծվել է, որ այս միջոցառումները կանխարգելիչ բնույթ են կրում և նախատեսված են Լեհաստանի օդային տարածքը պաշտպանելու համար, մասնավորապես՝ սպառնալիքի տակ գտնվող տարածաշրջաններին սահմանակից տարածքներում։
Հետագայում օպերատիվ հրամանատարությունը պարզաբանել է, որ անօդաչու թռչող սարքերից մեկը մտել է Լեհաստանի օդային տարածք Ուկրաինայի արևմտյան շրջանների վրա Ռուսաստանի կողմից իրականացված հարձակման ժամանակ։