Սահմանադրությունում առաջարկվող փոփոխությունները՝ մեկ նյութում

Նոյեմբերի 23-ին հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը, որով առաջարկվում են էական փոփոխություններ պետական կառավարման համակարգում, քաղաքացիների իրավունքների, դատական և դատախազական համակարգերի, կուսակցությունների ու լրատվամիջոցների գործունեության, ինչպես նաև պաշտպանության, արտաքին քաղաքականության և տեղական ինքնակառավարման ոլորտներում։ Նախագծում բացակայում է Անկախության հռչակագրին հղումը, առաջարկվում է Ազգային ժողովին ինքնարձակման իրավունք տալ, վերագնահատել գործող դատավորներին, փոխել Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը, ստեղծել Դատախազական խորհուրդ, ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտ, իսկ որոշ դեպքերում թույլատրել քաղաքացիներին զրկել քաղաքացիությունից։ Վերաձևակերպվել են նաև Հայաստան-Սփյուռք հարաբերություններին և համայնքների կառավարմանը վերաբերող դրույթները։ Factor TV-ն ուսումնասիրել և համեմատել է 2015 թվականին ընդունված և գործող Սահմանադրության ու նոր նախագծի դրույթները։

Անկախության հռչակագրին հղումը բացակայում է, խաղաղությունը՝ ամրագրվել որպես արտաքին քաղաքականության նպատակ

Նոր Սահմանադրության նախագծի ամենակարևոր փոփոխություններից մեկը վերաբերում է նախաբանին։ Գործող Սահմանադրության նախաբանում հղում է կատարվում 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրին, մինչդեռ նոր նախագծում այդ հղումը բացակայում է։

Հանվել են նաև հայոց պետականության հիմնարար սկզբունքներին ու համազգային նպատակներին, ազատասեր նախնիների պատգամին և հայրենիքի հզորացմանն առնչվող ձևակերպումները։

Փոխարենը նոր նախաբանում նշվում է․ «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Փոխվել է նաև Սահմանադրության առաջին հոդվածը։ Եթե գործող Սահմանադրության առաջին հոդվածով Հայաստանը բնորոշվում է որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, ապա նոր նախագծի առաջին հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության հիմնադիրը Հայաստանի Հանրապետության ժողովուրդն է։

Պետության բնորոշումը տեղափոխվել է երկրորդ հոդված, որտեղ ավելացվել է նաև «աշխարհիկ» բառը։

Նոր նախագծով հստակեցվել է պետության հիմնադրման նպատակը՝ քաղաքացիների անվտանգության, ազատության, բարեկեցության, ինքնության և իրավունքների պաշտպանությունը։ Այդ նպատակների իրականացումը բնորոշվել է որպես պետական շահ։

Առանձին փոփոխություն է նախատեսվել արտաքին քաղաքականության վերաբերյալ հոդվածում։ Գործող Սահմանադրությամբ այն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական և փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով։

Նոր նախագծում ավելացվել է «խաղաղություն ապահովելու» ձևակերպումը։ Այսպիսով՝ խաղաղության ապահովումը սահմանադրական մակարդակով ուղղակիորեն ամրագրվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականության նպատակ։

Ազգային ժողովը կկարողանա ինքնարձակվել, խմբակցությունները՝ անվստահություն հայտնել նախարարներին

Նոր նախագծով առաջարկվում է Ազգային ժողովին տալ ինքնարձակման իրավունք։

Ներկայում խորհրդարանն արձակվում է Սահմանադրությամբ նախատեսված որոշակի հանգամանքներում՝ օրինակ, երբ սահմանված ընթացակարգերով չի ընտրվում վարչապետ կամ հավանության չի արժանանում Կառավարության ծրագիրը։

Նոր Սահմանադրությամբ Ազգային ժողովը հնարավորություն կստանա ինքնարձակվելու պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։ Նման որոշման նախագիծ կարող է ներկայացնել պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը։

Առաջարկվում է փոխել նաև պատգամավորի՝ Կառավարության անդամ նշանակվելու հետ կապված կարգավորումը։ Գործող Սահմանադրությամբ այդ դեպքում պատգամավորական լիազորությունները դադարում են, իսկ նոր նախագծով նախատեսվում է դրանք կասեցնել պաշտոնավարման ընթացքում։ Սա հնարավորություն է ստեղծում Կառավարությունում պաշտոնավարելուց հետո վերադառնալ պատգամավորական լիազորությունների իրականացմանը։

Բացի այդ, ԱԺ խմբակցությունները հնարավորություն կստանան անվստահություն հայտնելու փոխվարչապետին, նախարարին կամ դիվանագիտական ներկայացուցչին։

Փոփոխություն է նախատեսվում նաև քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության իրավունքի մասով։ Օրենքի նախագիծ առաջարկելու համար անհրաժեշտ ստորագրությունների թիվը 50 հազարից կնվազի մինչև 40 հազար։

Ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում Ազգային ժողովի արձակումն արգելված կմնա։

Նախագահի թեկնածու դառնալու տարիքային շեմը կնվազի, կսահմանվի վետոյի մեխանիզմ

Նոր Սահմանադրության նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև Հանրապետության նախագահի ինստիտուտում։

Գործող Սահմանադրությամբ նախագահ կարող է ընտրվել 40 տարին լրացած անձը, որը վերջին վեց տարում եղել է միայն ՀՀ քաղաքացի և մշտապես բնակվել է Հայաստանում։

Նոր նախագծով նվազագույն տարիքային շեմը դառնում է 35 տարի, իսկ քաղաքացիության և մշտական բնակության պահանջվող ժամկետը վեց տարուց նվազեցվում է հինգ տարվա։

Նախագահի պաշտոնավարման յոթամյա ժամկետը և վերընտրվելու արգելքը պահպանվում են։

Միաժամանակ նախագահի գործառույթները լրացվում են նոր դրույթներով։ Նախատեսվում է, որ նա նպաստելու է իրավունքի գերակայության և օրինականության ամրապնդմանը, ինչպես նաև ապահովելու է հանրային իշխանության մարմինների գործունեության շարունակականությունը։

Նոր նախագծով նախագահը որոշակի ակտեր կարող է եռօրյա ժամկետում վերադարձնել առաջարկություն ներկայացրած մարմնին՝ իր առարկություններով։ Խոսքը, մասնավորապես, դիվանագիտական ներկայացուցիչների և Զինված ուժերի բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման կամ ազատման վերաբերյալ առաջարկությունների մասին է։

Նախատեսվում է նաև, որ եթե Ազգային ժողովը երեք ամսվա ընթացքում չընտրի որոշ անկախ և ինքնավար մարմինների անդամների, նախագահը կարող է նշանակել ժամանակավոր պաշտոնակատարներ՝ երկու տարի ժամկետով։

Վարչապետը կդառնա Զինված ուժերի գերագույն հրամանատար նաև խաղաղ ժամանակ

Գործող Սահմանադրությամբ սահմանվում է, որ պատերազմի ժամանակ Զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է։ Նոր նախագծից հանվել է «պատերազմի ժամանակ» ձևակերպումը։ Առաջարկվող կարգավորումն է՝ «Զինված ուժերի գերագույն հրամանատարը վարչապետն է»։

Փոփոխվում է նաև Զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնելու ընթացակարգը։ Գործող կարգավորմամբ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում վարչապետը նման որոշում կարող է կայացնել պաշտպանության նախարարի առաջարկությամբ։

Նոր նախագծով պաշտպանության նախարարի առաջարկության պարտադիր պայմանը հանվել է։ Վարչապետն անհետաձգելի անհրաժեշտության դեպքում կարող է ինքնուրույն որոշում կայացնել Զինված ուժերի կիրառման մասին՝ բացառությամբ դրանք Հայաստանի տարածքից դուրս ուղարկելու դեպքերի։

Նախատեսվում է, որ վարչապետը պետք է անհապաղ տեղեկացնի Կառավարության անդամներին, իսկ Կառավարությունը կարող է վերացնել նրա որոշումը կամ չեղարկել նախատեսված միջոցառումները։

Առաջարկվող Սահմանադրության՝ Զինված ուժերին վերաբերող հոդվածից հանվել է նաև Անվտանգության խորհրդի՝ պաշտպանության ոլորտի քաղաքականության հիմնական ուղղությունները սահմանելու վերաբերյալ դրույթը։ Զինված ուժերի ղեկավարումն իրականացնելու է պաշտպանության նախարարը։

Վարչապետը կկարողանա Զինված ուժերի կիրառման մասին որոշում կայացնել առանց պաշտպանության նախարարի առաջարկության

Նոր Սահմանադրության նախագծով վերանայվել է Զինված ուժերի կիրառման վերաբերյալ որոշում կայացնելու կարգը։ Եթե գործող Սահմանադրությամբ անհետաձգելի անհրաժեշտության դեպքում վարչապետը նման որոշում կարող է կայացնել պաշտպանության նախարարի առաջարկությամբ, ապա նոր նախագծով այդ պարտադիր պայմանը հանվել է։

Գործող Սահմանադրությամբ սահմանվում է, որ Զինված ուժերը Կառավարության ենթակայության ներքո են, իսկ դրանց կիրառման մասին որոշումն ընդունում է Կառավարությունը։ Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով Կառավարության անդամներին։

Նոր նախագծով առաջարկվող կարգավորումն է․ «Անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը կայացնում է վարչապետը, բացառությամբ զինված ուժերը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս ուղարկելու դեպքերի»։

Այսպիսով՝ վարչապետը հնարավորություն կստանա անհետաձգելի անհրաժեշտության դեպքում ինքնուրույն որոշում կայացնելու Զինված ուժերի կիրառման մասին՝ առանց պաշտպանության նախարարի պարտադիր առաջարկության։ Սակայն այս իրավասությունը չի տարածվի Զինված ուժերը Հայաստանի տարածքից դուրս ուղարկելու դեպքերի վրա։

Միաժամանակ նախագծով նախատեսվում է Կառավարության վերահսկողության մեխանիզմ։ Վարչապետը պարտավոր է իր որոշման մասին անհապաղ տեղեկացնել Կառավարության անդամներին, իսկ Կառավարությունն իրավասու է վերացնել այդ որոշումը կամ չեղյալ հայտարարել դրանով նախատեսված միջոցառումների իրականացումը։

Նախագծով սահմանվում է նաև, որ եթե Կառավարությունը չի ընդունում վարչապետի որոշումը վերացնելու կամ նախատեսված միջոցառումները չեղյալ հայտարարելու մասին որոշում, ապա հայտարարում է ռազմական կամ արտակարգ դրություն, որից հետո գործում են Սահմանադրության 47-րդ հոդվածով սահմանված կարգավորումները։

Առաջարկվող փոփոխությամբ, փաստորեն, անհետաձգելի իրավիճակներում ընդլայնվում է վարչապետի՝ Զինված ուժերի կիրառման վերաբերյալ ինքնուրույն որոշում կայացնելու սահմանադրական իրավասությունը՝ միաժամանակ պահպանելով Կառավարության կողմից այդ որոշումը վերացնելու հնարավորությունը։

Քաղաքացիությունից զրկելու նոր հնարավորություն և օրենքների հետադարձ ուժ

Նոր Սահմանադրության նախագծով առաջարկվում են նաև քաղաքացիների հիմնարար իրավունքներին առնչվող էական փոփոխություններ։

Գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին չի կարող զրկվել քաղաքացիությունից։

Նոր նախագծի 24-րդ հոդվածով, սակայն, նախատեսվում է, որ օրենքով սահմանված դեպքերում դատարանի որոշմամբ անձը կարող է զրկվել քաղաքացիությունից՝ սահմանադրական կարգի հիմունքների կամ պետության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների համար։

Սա գործող Սահմանադրության համեմատ էական փոփոխություն է, քանի որ ներկայում նման հիմքով քաղաքացիությունից զրկելու հնարավորություն նախատեսված չէ։

Միաժամանակ, քաղաքացիությունից զրկելու նման կարգավորման կիրառման հարցում պետք է հաշվի առնվեն Հայաստանի միջազգային պարտավորությունները, այդ թվում՝ քաղաքացիություն չունեցող անձանց առաջացումը կանխարգելող սահմանափակումները։

Ուշագրավ մեկ այլ փոփոխություն վերաբերում է օրենքների հետադարձ ուժին։

Գործող Սահմանադրության 73-րդ հոդվածով սահմանված է, որ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն։

Նոր նախագծով այս արգելքի համար նախատեսվել է բացառություն․ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքներն ու այլ իրավական ակտերը կարող են հետադարձ ուժ ունենալ, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում հանրության շահերի պաշտպանության համար։

Միաժամանակ պահպանվում է արարքի հանցավորությունը վերացնող կամ քրեական պատիժը մեղմացնող օրենքի հետադարձ ուժի սկզբունքը։

Դատավորները վերագնահատում կանցնեն, ԲԴԽ բոլոր անդամներին կընտրի Ազգային ժողովը

Նոր Սահմանադրության նախագծով նախատեսվում են դատական համակարգի կառուցվածքային փոփոխություններ։

Դրանցից մեկը գործող դատավորների մեկանգամյա վերագնահատումն է։

Ըստ նախագծի՝ Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո հինգ տարվա ընթացքում պետք է իրականացվի Վճռաբեկ դատարանի, վերաքննիչ դատարանների, առաջին ատյանի ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարանների դատավորների վերագնահատում։ Այս գործընթացը չի տարածվելու Սահմանադրական դատարանի դատավորների վրա։

Վերագնահատման ենթակա են լինելու նաև Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամները։

Նախագծով սահմանվում է, որ համապատասխան դատավորները Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո շարունակելու են պաշտոնավարել որպես դատավորի ժամանակավոր պաշտոնակատարներ՝ մինչև վերագնահատման արդյունքներով նրանց նշանակումը կամ լիազորությունների դադարեցումը։

Վերագնահատման ընթացքում ստուգվելու են դատավորների բարեվարքությունը, վարքագծի և շահերի բախման կանոնների պահպանումը, մասնագիտական կարողությունները, ինչպես նաև գույքային դրության համապատասխանությունն օրինական եկամուտներին։

Գործընթացն իրականացնելու է Դատավորների վերագնահատման հանձնաժողովը, որը բաղկացած է լինելու հինգ անդամից։

Հանձնաժողովի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։ Նրանցից երկուսն առաջադրվելու են Հանրապետության նախագահի, երկուսը՝ Մարդու իրավունքների հանձնակատարի, մեկը՝ Կառավարության առաջարկությամբ։

Վերագնահատման արդյունքում հանձնաժողովը ներկայացնելու է դատավորի բարեվարքության վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն։

Դրական եզրակացության դեպքում Հանրապետության նախագահը կարող է դատավորին նշանակել պաշտոնում կամ առարկություններով վերադարձնել եզրակացությունը հանձնաժողովին։ Բացասական եզրակացության դեպքում նախատեսվում է դատավորին պաշտոնում չնշանակելու և նրա լիազորությունները դադարեցնելու հնարավորություն։

Նախագծի ուշագրավ դրույթներից մեկն այն է, որ վերագնահատման հանձնաժողովի եզրակացությունները դատական կարգով վերանայման ենթակա չեն լինի։ Սակայն դատավորները հնարավորություն կունենան Սահմանադրական դատարանում բողոքարկելու իրենց պաշտոնում չնշանակվելու և լիազորությունների դադարեցման որոշումները։

Փոփոխվում է նաև Բարձրագույն դատական խորհրդի ձևավորման կարգը։

Գործող Սահմանադրությամբ ԲԴԽ տասը անդամներից հինգ դատավոր անդամներին ընտրում է Դատավորների ընդհանուր ժողովը, իսկ հինգ իրավաբան գիտնական անդամներին՝ Ազգային ժողովը։

Նոր նախագծով առաջարկվում է ԲԴԽ բոլոր տասը անդամներին ընտրելու իրավասությունը վերապահել Ազգային ժողովին՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով։

Դատավորների ընդհանուր ժողովը պահպանելու է դատավոր անդամների թեկնածուներ ներկայացնելու իրավունքը, սակայն վերջնական ընտրությունը կատարելու է խորհրդարանը։

ԲԴԽ հինգ անդամները լինելու են դատավորներ, մյուս հինգը՝ դատավոր չհանդիսացող իրավաբաններ։ Վերջիններից մեկն ընտրվելու է ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ։

Այսպիսով՝ նախագծով փոխվում է ԲԴԽ ձևավորման սկզբունքը․ եթե ներկայում դրա անդամների ընտրության իրավասությունը բաշխված է դատական իշխանության և խորհրդարանի միջև, ապա նոր կարգավորմամբ բոլոր անդամների ընտրությունը կենտրոնացվում է Ազգային ժողովում։

Կստեղծվի Դատախազական խորհուրդ, գլխավոր դատախազը կպաշտոնավարի յոթ տարի

Նոր Սահմանադրությամբ առաջարկվում է ստեղծել անկախ սահմանադրական մարմին՝ Դատախազական խորհուրդ։

Խորհուրդը բաղկացած կլինի 10 անդամից՝ հինգ դատախազից և հինգ դատախազ չհանդիսացող իրավաբանից։ Վերջիններից մեկը կընտրվի ընդդիմադիր խմբակցությունների առաջադրմամբ։

Անդամներին ընտրելու է Ազգային ժողովը՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, յոթ տարի ժամկետով՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Խորհուրդը կազմելու է դատախազների թեկնածուների և առաջխաղացման ցուցակները, լուծելու է կարգապահական պատասխանատվության հարցերը, իրավասու է լինելու քրեական հետապնդում հարուցել գլխավոր դատախազի նկատմամբ և ԱԺ ներկայացնել նրան պաշտոնանկ անելու միջնորդություն կամ եզրակացություն։

Փոխվելու է նաև գլխավոր դատախազի ընտրության կարգը։

Գործող Սահմանադրությամբ գլխավոր դատախազն ընտրվում է վեց տարի ժամկետով և կարող է պաշտոնը զբաղեցնել առավելագույնը երկու անգամ անընդմեջ։

Նոր նախագծով առաջարկվում է յոթամյա պաշտոնավարում՝ առանց վերընտրվելու իրավունքի։

Գլխավոր դատախազի թեկնածուի համար վերացվում է նաև 35 տարեկան լինելու սահմանադրական նվազագույն շեմը։

Առաջարկվում է գլխավոր դատախազի ընտրության երկփուլ ընթացակարգ։ Եթե առաջին փուլում պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով թեկնածուն չի ընտրվում, երկրորդ փուլում բավարար կլինի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը։

Նախագծում դատախազությունը բնորոշվում է որպես «միասնական անկախ համակարգ»։

Հայաստանում առաջարկվում է ներդնել երդվյալ ատենակալների ինստիտուտ

Դատական համակարգին առնչվող փոփոխություններից մեկը երդվյալ ատենակալների ինստիտուտի ներդրումն է։

Գործող Սահմանադրությամբ դատավարություններին երդվյալ ատենակալների մասնակցության վերաբերյալ առանձին դրույթ նախատեսված չէ։

Նոր նախագծով սահմանվում է, որ օրենքով նախատեսված դեպքերում և կարգով դատավարությունն իրականացվում է երդվյալների մասնակցությամբ։

Թե հատկապես որ գործերով և ինչ ընթացակարգով են քաղաքացիները մասնակցելու դատավարություններին որպես երդվյալ ատենակալներ, որոշվելու է առանձին օրենքով։

Կուսակցությունների գործունեությունն արգելելու նոր հիմքեր և ԶԼՄ-ների ֆինանսական թափանցիկություն

Նոր Սահմանադրության նախագծով ընդլայնվում են կուսակցությունների գործունեությունն արգելելու սահմանադրական հիմքերը։

Գործող Սահմանադրությամբ կուսակցության գործունեությունը կարող է արգելվել Սահմանադրական դատարանի որոշմամբ, եթե այն քարոզում կամ կիրառում է բռնություն՝ սահմանադրական կարգը տապալելու նպատակով։

Նոր նախագծով ավելացվում են մի շարք այլ հիմքեր՝ օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորում ստանալը, պետության անկախությունից հրաժարվելու քարոզը, ազգային կամ կրոնական ատելություն բորբոքելը, ինչպես նաև ընտրողի ազատ կամքի արտահայտումը խաթարելուն ուղղված գործունեությունը։

Սահմանվում է նաև կուսակցությունների ֆինանսավորման նոր սկզբունք․ դրանք կարող են ֆինանսավորվել միայն քաղաքացիների նվիրատվություններից և պետական բյուջեից։

Բացի այդ, կուսակցություններում պարտադիր պետք է գործեն կուսակցական մարմինների ձևավորման ընտրական համակարգեր։

Առանձին դրույթով արգելվում է անձին հարկադրել անդամագրվել որևէ կուսակցության կամ միավորման կամ մասնակցել հավաքի։

Փոփոխություններ են նախատեսվում նաև զանգվածային լրատվության միջոցների գործունեության կարգավորումներում։

Եթե գործող Սահմանադրությամբ ԶԼՄ-ների ազատությունը ներառված է կարծիքի արտահայտման ազատության ընդհանուր հոդվածում, ապա նոր նախագծում կուսակցություններին և լրատվամիջոցներին նվիրված է առանձին գլուխ։

Նախագծի 28-րդ հոդվածով սահմանվում է․ «Զանգվածային լրատվության միջոցները գործում են ֆինանսական թափանցիկության սկզբունքով»։

Փոխվում է նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի սահմանադրական կարգավիճակը։

Գործող Սահմանադրությամբ ՀՌՀ-ն անկախ սահմանադրական պետական մարմին է։ Նոր նախագծով այն դուրս է մնում Սահմանադրությամբ նախատեսված հիմնական մարմինների ցանկից։

Անցումային դրույթներով հանձնաժողովը շարունակելու է գործել մինչև օրենքով նրա գործառույթներն իրականացնող նոր ինքնավար մարմնի ձևավորումը։

Սփյուռքում հայոց լեզվի և մշակույթի պահպանման առանձին պարտավորությունը հանվել է

Նոր Սահմանադրության նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև Հայաստան–Սփյուռք հարաբերությունների սահմանադրական կարգավորումներում։

Գործող Սահմանադրության 19-րդ հոդվածը բաղկացած է երկու մասից։

Առաջինով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունն իրականացնում է հայկական սփյուռքի հետ համակողմանի կապերի զարգացմանը և հայապահպանմանն ուղղված քաղաքականություն, նպաստում է հայրենադարձությանը։

Երկրորդ մասով ամրագրված է պետության պարտավորությունը՝ միջազգային իրավունքի հիման վրա նպաստելու այլ պետություններում հայոց լեզվի, հայկական պատմական և մշակութային արժեքների պահպանմանը, հայ կրթական և մշակութային կյանքի զարգացմանը։

Նոր Սահմանադրության նախագծի 13-րդ հոդվածում այս առանձին պարտավորությունն այլևս ներառված չէ։

Փոխարենը սահմանվում է, որ պետությունը Սփյուռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը և հայկական ինքնության պահպանմանն ուղղված քաղաքականություն՝ որպես նպատակ ունենալով հայրենադարձությունը։

Այսպիսով՝ նոր նախագծում Հայաստան–Սփյուռք հարաբերությունների նպատակներից առանձնացվում է հայրենադարձությունը, մինչդեռ արտերկրում հայոց լեզվի, հայկական մշակութային արժեքների և կրթամշակութային կյանքի պահպանմանն աջակցելու պարտավորությունը որպես առանձին սահմանադրական դրույթ չի պահպանվում։

Սակայն այս փոփոխությունն ինքնին չի նշանակում, որ պետությունն այլևս չի կարող ֆինանսավորել կամ աջակցել Սփյուռքի հայկական դպրոցներին, մշակութային կենտրոններին կամ հայապահպանման ծրագրերին։ Նման աջակցությունը կարող է շարունակվել օրենքների և պետական ծրագրերի հիման վրա։

Հատկանշական է, որ նոյեմբերի 5-ին՝ Սփյուռքի գործերի հանձնակատարների հետ հանդիպման ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ նոր Սահմանադրությամբ անհրաժեշտ է հստակեցնել Հայաստան–Սփյուռք հարաբերությունների վերջնական նպատակը։

Նրա խոսքով՝ այդ վերջնանպատակը հայրենադարձությունն է։

Նոյեմբերի 6-ին՝ Համաշխարհային հայկական երրորդ գագաթնաժողովում, Փաշինյանը կրկին անդրադարձել էր Հայաստան–Սփյուռք հարաբերությունների վերաձևակերպմանը՝ դրանք կապելով «Իրական Հայաստանի» գաղափարախոսության և Հայաստանի Հանրապետության պետական շահերի շուրջ հարաբերությունների կառուցման հետ։

Համայնքների միավորման կամ բաժանման հարցով տեղական հանրաքվե կարող է նախաձեռնել միայն Կառավարությունը

Նոր Սահմանադրության նախագծով փոփոխություններ են առաջարկվում նաև տեղական ինքնակառավարման համակարգում։

Գործող Սահմանադրության՝ տեղական ինքնակառավարմանը նվիրված 9-րդ գլուխը բաղկացած է 12 հոդվածից՝ 179–190-րդ հոդվածներից։

Նոր նախագծում նույն գլուխը խտացվել է չորս հոդվածում՝ 70–73-րդ հոդվածներում։

Փոխվել է նաև համայնքի սահմանումը։ Գործող Սահմանադրությամբ համայնքը դիտարկվում է որպես վարչատարածքային միավոր, իսկ նոր նախագծում այն սահմանվում է որպես մեկ կամ մի քանի բնակավայրերի բնակիչների հանրություն։

Գործող Սահմանադրության 187-րդ հոդվածով առանձին ամրագրված է, որ Երևանը համայնք է, իսկ մայրաքաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով։

Նոր նախագծում Երևանի տեղական ինքնակառավարմանը նվիրված առանձին հոդված չկա։ Երևանի՝ որպես մայրաքաղաքի կարգավիճակը սահմանված է նախագծի 18-րդ հոդվածում։

Պահպանվում է համայնքի ավագանու և ղեկավարի հնգամյա պաշտոնավարման ժամկետը։

Նոր նախագծով հստակեցվում է, որ համայնքային ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, իսկ համայնքի ղեկավարն ընտրվելու է անուղղակիորեն։ Միաժամանակ Ընտրական օրենսգրքով բացառիկ դեպքերում կարող է սահմանվել մեծամասնական ընտրակարգ։

Նախատեսվում է նաև, որ համայնքի ղեկավարի տևական բացակայության՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում Կառավարությունը կարող է նշանակել համայնքի ղեկավարի պաշտոնակատար։

Սակայն պաշտոնակատարի լիազորությունները չեն կարող տևել վեց ամսից ավելի։ Այդ ժամկետից հետո պետք է անցկացվեն նոր ընտրություններ։

Փոփոխություններ են նախատեսվում նաև համայնքների միավորման կամ բաժանման ընթացակարգում։

Գործող Սահմանադրության 190-րդ հոդվածով համայնքների միավորումը կամ բաժանումն իրականացվում է օրենքով, իսկ Ազգային ժողովը պարտավոր է լսել համապատասխան համայնքների կարծիքը։

Նոր նախագծով սահմանվում է, որ համայնքների միավորման կամ բաժանման հարցերով տեղական հանրաքվե կարող է նախաձեռնել միայն Կառավարությունը։

Միաժամանակ համայնքի ավագանին, ղեկավարը և բնակիչները պահպանելու են համայնքային նշանակության այլ հարցերով տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը՝ օրենքով սահմանված կարգով։

Նախագծով նախատեսվում է նաև մի քանի համայնքներում համատեղ տեղական հանրաքվե անցկացնելու հնարավորություն։

Կառավարության նախաձեռնությամբ անցկացվող տեղական հանրաքվեն նշանակելու է Կառավարությունը, իսկ մյուս դեպքերում՝ համայնքի ղեկավարը։

Այսպիսով՝ համայնքների միավորման կամ բաժանման վերաբերյալ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը վերապահվում է միայն գործադիր իշխանությանը։

Երեխաների իրավունքներ․ աշխատանքի սահմանափակումներ և կրթության նոր երաշխիքներ

Նոր Սահմանադրության նախագծով փոփոխություններ են նախատեսվում նաև երեխաների իրավունքներին վերաբերող հոդվածներում։

Գործող Սահմանադրությամբ արգելվում է մինչև 16 տարեկան երեխաներին մշտական աշխատանքի ընդունելը։

Նոր նախագծում ավելացվել է, որ մինչև 18 տարեկան երեխաների աշխատանքի ազատ ընտրության իրավունքը կարող է օրենքով սահմանափակվել՝ նրանց կրթության, անվտանգության, առողջության և լիարժեք ու ներդաշնակ զարգացման նպատակով։

Առաջարկվում է նաև ծնողական իրավունքներից զրկելը կամ դրանց սահմանափակումը թույլատրել բացառապես դատարանի որոշմամբ՝ երեխայի լավագույն շահն ապահովելու նպատակով։

Երեխաների դաստիարակության, կրթության, առողջության և զարգացման մասին հոգ տանելու պարտականությունը ներառվել է մարդու հիմնական պարտականությունների գլխում։

Կրթության վերաբերյալ նոր նախագծում ուղղակիորեն ամրագրվել է, որ հիմնական կրթությունը պարտադիր է։

Բացի այդ, առաջարկվում է երեխայի իրավունքները պահպանել որպես ռազմական կամ արտակարգ դրության ընթացքում չկասեցվող իրավունքներ։

Հստակեցվել է նաև, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխաները ՀՀ քաղաքացիության իրավունք են ձեռք բերում ինքնաբերաբար։

Հայերենը կդառնա անփոփոխելի պետական լեզու

Գործող Սահմանադրությամբ ամրագրված է, որ Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է։

Նոր նախագծում այս դրույթը պահպանվել է, սակայն նախատեսվել է էական լրացում։

Հայերենը որպես պետական լեզու սահմանող հոդվածը ներառվել է Սահմանադրության փոփոխման ոչ ենթակա դրույթների շարքում։

Եթե գործող Սահմանադրության 203-րդ հոդվածով փոփոխման ենթակա չեն 1-ին, 2-րդ, 3-րդ և 203-րդ հոդվածները, ապա նոր նախագծի 78-րդ հոդվածով այդ շարքում ներառվում է նաև պետական լեզվի մասին դրույթը։

Սա նշանակում է, որ առաջարկվող կարգավորմամբ հայերենի՝ որպես պետական լեզվի սահմանադրական կարգավիճակը դառնալու է անփոփոխելի։

Դրոշի և զինանշանի նկարագրությունը հանվել է Սահմանադրությունից

Նոր նախագծով փոխվում է նաև Հայաստանի պետական խորհրդանիշներին վերաբերող հոդվածը։

Գործող Սահմանադրությամբ նկարագրվում են Հայաստանի դրոշի գույները, դրանց հերթականությունը, ինչպես նաև զինանշանի հիմնական պատկերները։

Նոր նախագծում այս նկարագրությունները բացակայում են։

Փոխարենը 16-րդ հոդվածով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության խորհրդանիշներն են զինանշանը, դրոշը և օրհներգը, իսկ դրանց նկարագրությունը կամ տեքստը սահմանվում են օրենքով, որն ընդունվում է հանրաքվեով։

Այսպիսով՝ պետական խորհրդանիշները պահպանվում են, սակայն դրանց նկարագրության ամրագրումը Սահմանադրությունից տեղափոխվում է հանրաքվեով ընդունվող օրենքի մակարդակ։

Փոփոխություն՝ Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող հոդվածում

Նոր նախագծում պահպանվել է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելության ճանաչումը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում։

Սակայն փոխվել է պետության և եկեղեցու հարաբերություններին վերաբերող ձևակերպումը։

Գործող Սահմանադրությամբ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով»։

Նոր նախագծում ձևակերպումն է՝ «կարգավորվում են օրենքով»։

Կրոնական կազմակերպությունների գործունեության ազատության և պետությունից անջատ լինելու սկզբունքները պահպանվել են։

Ընտրողների ազատ կամքի արտահայտման նոր սահմանադրական երաշխիք

Նոր Սահմանադրությամբ վերաշարադրվել են նաև ժողովրդին իշխանության աղբյուր ճանաչող դրույթները։

Գործող Սահմանադրությամբ սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։

Նոր նախագծում նշվում է, որ ժողովուրդը իշխանության տերն է, կրողը և աղբյուրը։

Ընդ որում, ժողովուրդը սահմանվում է որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հավաքական ամբողջություն։

Առանձին ամրագրվում է, որ ժողովրդի իշխանությունն անօտարելի է և պաշտպանվում է Սահմանադրությամբ ու օրենքներով։

Ընտրությունների և հանրաքվեների վերաբերյալ սահմանվում է նոր պետական երաշխիք․ պետությունը պետք է ապահովի ընտրություններին և հանրաքվեներին մասնակցողների ազատ կամքի արտահայտումը և դրա ճշգրիտ արտացոլումը քվեարկության պաշտոնական արդյունքներում։

Միաժամանակ, գործող Սահմանադրության՝ իշխանության յուրացումը հանցագործություն ճանաչող ուղիղ ձևակերպումը ներկայացված նոր հոդվածներից բացակայում է։

Միջազգային պայմանագրերի և իրավական ակտերի կարգավորումներ

Նոր նախագծով փոփոխվում և միավորվում են նաև իրավական նորմերի աստիճանակարգությանը և օրինականության սկզբունքին վերաբերող դրույթները։

Պահպանվում է Սահմանադրության բարձրագույն իրավաբանական ուժը։

Առանձին հստակեցվում է, որ օրենքները պետք է համապատասխանեն Սահմանադրությանը, իսկ վավերացված միջազգային պայմանագրերը՝ հակասության դեպքում, գերակայում են օրենքներին։

Միաժամանակ ուղղակիորեն նշվում է միջազգային պայմանագրերի՝ Սահմանադրությանը համապատասխանելու պահանջը։

Պետական մարմինների համար ավելացվում է Սահմանադրությունն ու օրենքները հարգելու և պահպանելու պարտավորության ձևակերպումը։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment