ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությանը՝ նշելով, որ Հայաստանի գործող Սահմանադրությունը տարածքային պահանջներ չի պարունակում։
«Ո՞վ է առաջինը ողջունում և բարձր գնահատում ալիևյան սահմանադրությունը։ Իհարկե, Ալիևի ԱԳ նախարար Բայրամովը։ Ասում են՝ մի’ ասեք ալիևյան։ Մենք չենք ասում, իրենք են ասում՝ ձեր «բարեկիրթ գործընկերները»
Բայրամովին դուք չեք պատասխանի, ես կպատասխանեմ։ Մեր Սահմանադրության մեջ տարածքային նկրտումներ չկան։ Արցախյան հիմնախնդիրը երբեք տարածքների մասին չի եղել, այլ՝ մարդու իրավունքների՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, որն արցախցիները իրացրել գործող օրենքների եւ միջազգային նորմերին լիակատար համապատասխանությամբ։
Ալիևի ասածով չենք ապրելու, Ալիևւի ասածը չի անցնելու»,-գրել է նա:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, անդրադառնալով ՀՀ նոր Սահմանադրության նախագծի հրապարակմանը, հայտարարել է, որ Բաքուն «բարձր է գնահատում» տարածքային պահանջների բացակայությունը»:
Բաքուն Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջ է համարում ՀՀ գործող Սահմանադրության մեջ առկա հղումն Անկախության հռչակագրին, որը բացակայում է նոր նախագծում: