ՀՀ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է խաղաղության առաքելությունների հարցերով Միացյալ Նահանգների հատուկ բանագնացի ավագ խորհրդական Արյե Լայթսթոունին։ Նրանք մանրամասն անդրադարձել են 2025 թվականի օգոստոսի 8-ին կայացած խաղաղության գագաթնաժողովից հետո արձանագրված զարգացումներին։
Մասնավորապես, կողմերը քննարկել են խաղաղության ինստիտուցիոնալացման նպատակով իրականացված միջոցառումները, ձեռնարկված քայլերի արդյունքները և այդ ուղղությամբ հետագա համագործակցության հեռանկարները։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման և տրանսպորտային կապերի զարգացման հարցերի քննարկման ընթացքում հատուկ կարևորվել է նոյեմբերի 23-ին TRIPP նախագծի գործնական փուլի մեկնարկը։
Զրուցակիցները դրա իրականացումը գնահատել են որպես խոշոր նախաձեռնության առաջմղման կարևոր հանգրվան, որը կարող է նպաստել տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդմանը և երկրների միջև համագործակցության ընդլայնմանը։
Հանդիպման ընթացքում կողմերը դրական են գնահատել Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական գործընկերության զարգացման ընթացքը՝ ընդգծելով տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության շարունակական ընդլայնումը։
Զրուցակիցներն անդրադարձել են ռազմավարական գործընկերության խարտիայով սահմանված առաջնահերթություններին և քննարկել փոխգործակցության նոր հնարավորությունները՝ հաշվի առնելով միջազգային ու տարածաշրջանային զարգացումների ներկայիս միտումները։
Առանձին ուշադրություն է հատկացվել հայ-ամերիկյան գործընկերության տնտեսական բաղադրիչին։ Քննարկվել են նաև Մեծ քսանյակի՝ G20-ի առաջիկա գագաթնաժողովի օրակարգում ընդգրկված հարցերը։
Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ու ամերիկացի պաշտոնյան մտքեր են փոխանակել նաև միջազգային օրակարգի արդիական հարցերի, ընթացիկ զարգացումների և տարբեր գործընթացների շուրջ։
ՀՀ և ԱՄՆ Կառավարությունների կողմից համատեղ իրականացվող «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» TRIPP նախագծի և տարածաշրջանային ապաշրջափակման գործնական փուլի մեկնարկը հիրավի պատմական իրադարձություն է ՀՀ նորագույն պատմության մեջ, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ TRIPP-ն անկախությունից ի վեր Հայաստանի խոշորագույն տնտեսական ծրագրին է, որը բացառիկ նշանակություն կունենա ՀՀ տնտեսական առաջխաղացման գործում: