Ադրբեջանի համար կարևորը ՀՀ նոր Սահմանադրությունում տարածքային պահանջների բացակայությունն է․ Բայրամով

Քաղաքականություն

23.11.2026 | 15:26

Ադրբեջանի համար Հայաստանի Սահմանադրության մեջ միակ կարևոր հարցը մեր նկատմամբ տարածքային պահանջների վերացումն է։ Այս մասին իր իտալացի գործընկեր Անտոնիո Տայանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախաստորագրվել է Վաշինգտոնում կայացած պատմական գագաթնաժողովի շրջանակում։

«Համաձայնագրի նախաբանը և 17 հոդվածները հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների վրա։ Ադրբեջանը բացահայտ հայտարարել է, որ համաձայն է վերջնականապես ստորագրել համաձայնագիրը միայն մեկ պայմանով՝ Հայաստանի Սահմանադրությունից պետք է վերացվեն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները։ Դա Հայաստանի ներքին գործընթացն է, և դրա իրականացման ժամկետների որոշումը մեր հնարավորություններից դուրս է։ Ես չէի ցանկանա մեկնաբանել Հայաստանի Սահմանադրության վերաբերյալ այսօր ներկայացված առաջարկը։ Մեզ համար միակ կարևոր հարցը նոր Սահմանադրությունում Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների բացակայությունն է։ Հրապարակված տեքստից դատելով՝ այս պահին դրանում նման պահանջներ չկան։ Մենք դա շատ բարձր ենք գնահատում»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

Նա նաև նշել է, որ իր իտալացի գործընկերոջը մանրամասն տեղեկություններ է ներկայացրել Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի, այդ ուղղությամբ վերջին զարգացումների, ինչպես նաև Արցախի  տարածքներում իրականացվող վերականգնման և շինարարական աշխատանքների մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a comment