ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը «ալիևյան օրակարգ է, որի նպատակը հայ ժողովրդին նվաստացնելը և սեփական գործողությունները լեգիտիմացնելն է»։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում:
Նա անհիմն է համարել այն տեսակետը, թե Բաքուն հրաժարվում է Երևանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուց՝ Հայաստանի Սահմանադրության մեջ տարածքային պահանջների ենթադրյալ առկայության պատճառով։
«Պնդումը, թե Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր չի կնքում, քանի որ մեր Սահմանադրությունը տարածքային պահանջներ է ներկայացնում, իրականության հետ որևէ աղերս չունի։
Փաստերով.
- Նախաստորագրված համաձայնագրի 2-րդ հոդվածում արդեն իսկ Ալիևի պահանջով ամրագրված է, որ կողմերը միմյանց նկատմամբ տարածքային պահանջներ չունեն և հետագայում նման պահանջ չեն առաջադրի։
- Նույն փաստաթղթի 12-րդ հոդվածով հստակ սահմանված է, որ կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես համաձայնագրի չկատարման հիմնավորում։
- Ավելին, Հայաստանի Սահմանադրական դատարանն իր որոշմամբ արձանագրել է,որ Անկախության հռչակագրի այն դրույթները, որոնք ուղղակիորեն չեն վերարտադրվել Սահմանադրության տեքստում, իրավական ուժ չունեն և տարածքային պահանջ չեն ներկայացնում։
Հետևաբար, Անկախության հռչակագիրը խաղաղության խոչընդոտ ներկայացնելը ալիևյան օրակարգ է, որի նպատակը հայ ժողովրդին նվաստացնելը և սեփական գործողությունները լեգիտիմացնելն է։
Սա հարկավոր է հիշել և իմանալ, անկախ նրանից թե ինչ փաթեթավորմամբ այսօր կհրապարակվի Ալիևի հերթական պահանջը»,-ասվում է գրառման մեջ:
Հրապարակվել է Հայաստանի Հանրապետության նոր Սահմանադրության նախագիծը, որտեղ բացակայում է հղումը Հայաստանի Անկախության հռչակագրին։ Ներկայիս Սահմանադրության նախաբանը սկսվում է «Հայ ժողովուրդը» ձևակերպմամբ, մինչդեռ առաջարկվող տարբերակում օգտագործվել է «Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը» արտահայտությունը։ Նոր տեքստում այլևս ներառված չէ նաև «Հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները» ձևակերպումը։