35 տարեկանից՝ նախագահի թեկնածու, վետոյի իրավունք․ ինչ է փոփոխություն է առաջարկվում Սահմանադրության նախագծում նախագահի ինտիտուտի առնչությամբ

Նոր Սահմանադրության նախագծի տեքստն արդեն հրապարակվել է։ Դրանում ավելացվել են նոր հոդվածներ, մի շարք հոդվածներ վերաշարադրվել են։ Խմբագրվել են նաև Հանրապետության նախագահին վերաբերող դրույթները։

Գործող Սահմանադրության 123-րդ հոդվածում նախագահը բնորոշվում է որպես պետության գլուխ, որը հետևում է Սահմանադրության պահպանմանը, իր լիազորություններն իրականացնելիս անաչառ է և առաջնորդվում է բացառապես համապետական ու համազգային շահերով։ Ընդ որում, գործող իրավակարգում հստակեցված է, որ նախագահն իր գործառույթներն իրականացնում է բացառապես Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով։

Սահմանադրության նոր նախագծի 48-րդ հոդվածում պահպանվում է նախագահի՝ որպես պետության գլխի և Սահմանադրության պահպանմանը հետևող մարմնի հիմնարար հայեցակարգը, սակայն նրա առաքելությունն ընդլայնվում է նոր հայեցակարգային դրույթներով։ Նախագծի համաձայն՝ Հանրապետության նախագահը նաև «նպաստում է իրավունքի գերակայության և օրինականության ամրապնդմանը, ապահովում է հանրային իշխանության մարմինների գործունեության շարունակականությունը»։ Բացի այդ, ի տարբերություն գործող կարգավորման, նոր նախագծի 48-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանվում է, որ նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ և օրենքով սահմանված լիազորությունների միջոցով, ինչը հնարավորություն է տալիս նրա լիազորությունների շրջանակը մանրամասնել նաև օրենսդիր մակարդակում։

Հանրապետության նախագահի ընտրության համար սահմանված որակավորման պահանջները վերանայվել են ինչը վերաբերում է թե՛ տարիքային շեմին, թե՛ քաղաքացիության և մշտական բնակության ժամկետներին։

Գործող Սահմանադրության 124-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահ կարող է ընտրվել քառասուն տարին լրացած, վերջին վեց տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին վեց տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք՝ առանց վերընտրվելու իրավունքի (7 տարի պաշտոնավարման ժամկետով)։

Սահմանադրության նոր նախագծի 49-րդ հոդվածի 2-րդ մասում թեկնածուներին ներկայացվող պահանջները մեղմացվել են․ տարիքային նվազագույն շեմը 40 տարեկանից իջեցվել է 35 տարեկանի, իսկ վերջին տարիներին միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և ՀՀ-ում մշտապես բնակվելու պահանջը 6 տարուց իջեցվել է 5 տարվա։ Առանց վերընտրվելու իրավունքի 7 տարի ժամկետով ընտրվելու սկզբունքը պահպանվել է անփոփոխ։

Գործող Սահմանադրության 138-րդ հոդվածով նախատեսված էր, որ եթե Ազգային ժողովը եռամսյա ժամկետում չի ընտրում համապատասխան պաշտոնատար անձանց (օրինակ՝ ԲԴԽ անդամներ, անկախ մարմինների անդամներ), ապա մինչև ԱԺ-ի կողմից նրանց ընտրությունը նախագահն օրենքով սահմանված հիմքերով նշանակում է ժամանակավոր պաշտոնակատարներ։

Սահմանադրության նոր նախագծի 51-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով այս մեխանիզմն ստացել է առավել հստակ կարգավորում։ Սահմանվում է, որ անկախ պետական մարմնի անդամի, Բարձրագույն դատական խորհրդի դատավոր չհանդիսացող անդամի, Դատախազական խորհրդի դատախազ չհանդիսացող անդամի և ինքնավար մարմնի անդամի՝ Ազգային ժողովի կողմից եռամսյա ժամկետում չընտրվելու դեպքում Հանրապետության նախագահը նշանակում է ժամանակավոր պաշտոնակատար՝ երկու տարի պաշտոնավարման ժամկետով։ Ավելին, եթե նշված երկամյա ժամկետը լրանում է, իսկ ԱԺ-ն դեռևս նոր անձի չի ընտրել, ժամանակավոր պաշտոնակատարը շարունակում է պաշտոնավարել մինչև Ազգային ժողովի կողմից նոր ընտրության կատարումը։

Նոր նախագծի 52-րդ հոդվածով առանձին սահմանադրական կարգավորման առարկա է դարձել Հանրապետության նախագահի վետոյի իրավունքը։ Սահմանվում է, որ որոշակի ակտերի (օրինակ՝ դիվանագիտական ներկայացուցիչների նշանակման, ԶՈՒ բարձրագույն հրամանատարական կազմի նշանակման/ազատման վերաբերյալ առաջարկությունների) դեպքում նախագահը կարող է ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող մարմնին։

Եթե իրավասու մարմինը չի ընդունում առարկությունը, նախագահը կամ ստորագրում է ակտը, կամ դիմում է Սահմանադրական դատարան։ Եթե նախագահը սահմանված ժամկետում չի կատարում այս գործողություններից որևէ մեկը, համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով։

Սահմանադրության նոր նախագծի եզրափակիչ և անցումային դրույթներում ներդրվել է դատական համակարգի համար նախադեպը չունեցող մեխանիզմ, որտեղ Հանրապետության նախագահն ունի առանցքային նշանակություն։

Նախագծի 85-րդ հոդվածով սահմանվում է Սահմանադրության ուժի մեջ մտնելուց հետո 5 տարվա ընթացքում պաշտոնավարող դատավորների մեկանգամյա վերագնահատում (բարեվարքության, մասնագիտական կարողությունների և գույքային դրության ստուգում)։ Վերագնահատումն իրականացնում է 5 անդամից բաղկացած Դատավորների վերագնահատման հանձնաժողովը, որի անդամներին ընտրում է Ազգային ժողովը․
Հանձնաժողովի 5 անդամներից երկուսն ընտրվում են Հանրապետության նախագահի առաջարկությամբ, երկուսը՝ ՄԻՊ-ի, (նոր նախագծով Մարդու իրավունքների հանձնակատար), մեկը՝ Կառավարության առաջարկությամբ։
Վերագնահատման արդյունքներով հանձնաժողովը կազմում է դրական կամ բացասական եզրակացություն, որը ներկայացվում է Հանրապետության նախագահին․

Դրական եզրակացության դեպքում նախագահը մեկամսյա ժամկետում դատավորի ժամանակավոր պաշտոնակատարին նշանակում է դատավորի պաշտոնում կամ իր առարկություններով վերադարձնում է հանձնաժողով։

Եթե հանձնաժողովը չի ընդունում առարկությունը և կրկին ներկայացնում է դրական եզրակացություն, նախագահը կամ նշանակում է դատավորին, կամ դիմում է Սահմանադրական դատարան։

Եթե նախագահը սահմանված ժամկետում չի գործում, անձը համարվում է նշանակված դատավորի պաշտոնում իրավունքի ուժով։

Ստացվում է, որ նոր սահամանդրության նախագծում վերանայվել են Հանրապետության նախագահի գործառութային և կազմակերպչական լիազորությունները, տրվել նոր լիազորություններ։

Անի Թամրազյան

Leave a comment